Դպրոցներում կշարունակվի տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագիրը

Տարածաշրջանային լեզուների ուսուցումն իրականացվում է 2022-2023 ուսումնական տարվանից՝ կամավոր սկզբունքով, որպես երրորդ օտար լեզու կամ առարկայական խմբակ:

Հանրակրթական դպրոցներում տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է վրացերենի ուսուցման առարկայական ծրագրերը՝ 8-րդ և 11-րդ դասարանների համար: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ՝ ԿԳՄՍ նախարարի հրամաններով հաստատվել էին նաև պարսկերենի, վրացերենի, թուրքերենի և ադրբեջաներենի առարկայական ծրագրերը, այս ուսումնական տարում գործընթացը շարունակելու համար հաստատման անհրաժեշտություն կար հաստատելու միայն վրացերենի 8-րդ և 11-րդ դասարանների ծրագրերը:

Տարածաշրջանային լեզուների առարկայական ծրագրերը մշակելու համար ԿԳՄՍ նախարարությունը համագործակցել է համապատասխան մասնագետների և Երևանի պետական համալսարանի հետ: Մշակված ծրագրերը սահմանված կարգով երաշխավորվել են դպրոցներում գործածության համար:

Տարածաշրջանային լեզուների ուսուցումն իրականացվում է 2022-2023 ուսումնական տարվանից՝ որպես երրորդ օտար լեզու կամ առարկայական խմբակ:

Հիշեցնենք՝ մասնագիտական քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ադրբեջաներենի և թուրքերենի ուսուցումը կազմակերպել բացառապես 10-12-րդ դասարանների սովորողների համար, իսկ վրացերենի և պարսկերենի ուսուցումը՝ միջին դպրոցի դասարաններից սկսած:

2022-2023 ուսումնական տարում տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագիրը իրականացվել է ՀՀ 33 հանրակրթական ուսումնական հաստատություններում, որոնցից 13-ում՝ պարսկերեն, 3-ում՝ վրացերեն, 13-ում՝ թուրքերեն, 4-ում՝ ադրբեջաներեն:

Վերոնշյալ հաստատությունների մի մասում տարածաշրջանային լեզուների ուսուցումն իրականացվում է խմբակի ձևաչափով, որոշներում՝ 3-րդ օտար լեզվի: Կան հաստատություններ, որոնցում ուսուցումն իրականացվում է և՛ 3-րդ օտար լեզվի, և՛ խմբակի ձևաչափով: Խմբակի և 3-րդ օտար լեզվի ուսուցման դեպքում հաստատություն նոր մուտք գործող մասնագետը պետք է համապատասխանի «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի պահանջներին:

Համապատասխան մասնագետ ունենալու դեպքում ուսումնական հաստատություններն ազատ են տարածաշրջանային լեզուների ուսուցումը ԿԳՄՍ նախարարի հրամաններով հաստատված ծրագրերով կազմակերպելու հարցում, որի մեկնարկի մասին անհրաժեշտ է գրավոր տեղեկացնել ԿԳՄՍ նախարարությանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print