ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե անվտանգության առումով միայն 1 կենտրոնից հանրապետության կախվածությունը ռազմավարական սխալ էր։
«Չմեկնաբանելով Հայաստանի վարչապետի խոսքերը, որոնք վերջին օրերին շատ են ասվել, կցանկանայի նշել, որ պետք է պատասխանատու լինել սեփական արարքների համար, ոչ թե անվերջ ու ամեն առիթով մեղավորներ փնտրել։ Հենց դրանում է պետական գործչի տարբերությունը անցողիկ մարդուց, որը չի մտածում իր երկրի պետական շահերի մասին։ Այլապես, այս ամենը նման է վատ պարողի մասին պատմությանը»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն անդրադարձել է նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին առ այն, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է այն երկիրը, որը պետք է լինի երաշխավորը, այսինքն՝ ռուսական կողմը։ Սիմոնյանը հղում է կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որում ասվում է, որ Լաչինի միջանցքը 5 կմ լայնությամբ տարածք է, որը ՌԴ խաղաղապահների իրավասության ներքո է։ Ըստ խոսնակի` հարց է առաջանում` որտեղ է այդ տարածքը և որտեղ են ռուս խաղաղապահները։
Զախարովան այս առնչությամբ կարծում է, որ հրապարակային հռետորաբանությունը, որը գրեթե կոպտության է հասնում, Հայաստանի քաղաքական գործիչներին չի սազում։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով, եթե նրանք ուզում են խոսել փորձագիտական, քաղաքական մակարդակներով, ապա դրա համար կան բոլոր հնարավորությունները, Երևանի հետ կապի հրաշալի ուղիներ կան` բոլոր ուղղություններով։ Միևնույն ժամանակ, Զախարովան կարծում է, որ այնտեղ անգամ դերերն են գրված, թե ով ինչպես պետք է խոսի։ Ամեն դեպքում, դա չի սազում մարդկանց, որոնք ներկայացնում են հայ հասարակությունը։