Զենքի ապօրինի առևտրով զբաղվող անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Իր գործունեությունից ստացված անօրինական եկամուտները շրջանառել է օֆշորային գոտիներում երրորդ անձանց անվամբ գրանցված, սակայն փաստացի իրեն պատկանող 4 ընկերությունների միջոցով:

Լատվիայի քաղաքացի Կ.Ս.-ն, ներգրավված լինելով օտարերկրյա մի պետությունից մյուսը զենքի մատակարարումների գործընթացում, 2013-2020 թվականներն ընկած ժամանակահատվածում շրջանառել է հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 170 մլն 600 հազար ԱՄՆ դոլար:

Քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Կ.Ս.-ն, վերոնշյալ ժամանակահատվածում զբաղվելով զենքի ապօրինի առևտրով, իր գործունեությունից ստացված անօրինական եկամուտները շրջանառել է օֆշորային գոտիներում երրորդ անձանց անվամբ գրանցված, սակայն փաստացի իրեն պատկանող 4 ընկերությունների միջոցով:

Մասնավորապես` Կ.Ս.-ն, գիտակցելով օտարերկրյա մի պետությունից մյուսը զենք մատակարարելու գործարքի արդյունքում ստացված գումարների հանցավոր ծագում ունենալու հանգամանքը, բանկում Օ.Պ.-ի միջոցով բացված, փաստացի իրեն պատկանող ընկերության հաշվեհամարներին է պահել այդ գումարները, իսկ 2014 թվականի մայիսից մինչև 2016 թվականի մայիսը տնօրինել, օգտագործել է դրանք, կատարել փոխակերպումներ և փոխանցումներ: Կ.Ս.-ն գումարները փոխանցել է թե΄ երրորդ անձանց, թե΄ փաստացի իրեն պատկանող ընկերությունների հաշվեհամարներին:

Դատախազը 2023 թվականի սեպտեմբերի 4-ին Կ.Ս.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ Կ.Ս.-ն իրականացրել է ապօրինի զենք մատակարարելու գործարքի արդյունքում ստացված, հանցավոր ծագում ունեցող 3 մլրդ 117 մլն 268 հազար 449 դրամին համարժեք 5 մլն 294 հազար 118 եվրո և 450 հազար 324,02 ԱՄՆ դոլարի փողերի լվացում:Կ.Ս.-ին պատկանող ընկերության հաշվեհամարին առկա՝ 6 մլն 578 հազար 224,97 ԱՄՆ դոլարն արգելադրվել է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print