Քարդաշյանը և Էսրայիլյանը գրել են, որ Իլհամ Ալիևին նման անմարդկային վերաբերմունքի համար ոգևորող է եղել աշխարհի լռությունը:
Հեռուստաշոուների ամերիկահայ աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում անդրադարձել է ԼՂ-ում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակին:
«Խնդրանքս նախագահ Ջո Բայդենին՝ դադարեցնել հերթական Հայոց ցեղասպանությունը: Ժամանակն է, որ Ամերիկան և աշխարհը քայլեր ձեռնարկեն հայերին Ադրբեջանից պաշտպանելու համար»,- գրել է Քարդաշյանը։
Նա գրառմանը կցել է իր և ամերիկահայ բժիշկ, պրոդյուսեր Էրիկ Էսրայիլյանի հոդվածը Rolling Stone ամսագրում, որում նրանք մանրամասնորեն ներկայացրել են Ադրբեջանի հայատյաց և էթնիկ զտումներին ուղղված քաղաքականությունը:
«Մենք Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներ ենք և չենք ցանկանում, որպեսզի տեղի ունենա ևս մեկ Հայոց ցեղասպանություն»,- նշել են հեղինակները:
Քարդաշյանը և Էսրայիլյանը գրել են, որ Իլհամ Ալիևին նման անմարդկային վերաբերմունքի համար ոգևորող է եղել աշխարհի լռությունը: Գործիչներն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և նրանց գործընկերներին հորդորել են անհապաղ քայլեր ձեռնարկել՝ Լաչինի միջանցքն օր առաջ բացելու ուղղությամբ: