Ասկերան քաղաքով թույլատրվել է ռուսական հումանիտար օգնության մուտքը Արցախ․ Արցախի տեղեկատվական շտաբ

Օգնությունը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, օրերս Արցախ է ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով:

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով մեր հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Օգնությունը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, օրերս Արցախ է ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով:

Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը մեր հանրապետություն:

Միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:

Ավելի վաղ գրել էինք, որ ադրբեջանական Կարմիր մահիկի և ռուսական Կարմիր խաչի միջև համագործակցության հուշագրի համաձայն, Ռուսաստանի կառավարության նախաձեռնությամբ, Ղարաբաղի հայ բնակիչների պարենային կարիքները բավարարելու նպատակով, ռուսական Կարմիր խաչը տրամադրել է 1 բեռնատար ավտոմեքենա՝ բեռնված պարենային և ոչ պարենային ապրանքներով:

Այսօր Արցախի նախագահի ընտրության համար հրավիրված ԱԺ հատուկ նիստի ժամանակ նախագահի թեկնածու, արդեն ընտրված նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել էր, որ Հայաստանի հետ ուղիղ կապ պետք է ունենանք Լաչինի միջանցքով, այլ ճանապարհներ կարող են գործարկվել, սակայն դրանք չպետք է փոխարինեն միջանցքին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print