Գործողությունն անցկացվում է Հայաստանի ողջ տարածքում և սահմանային բոլոր անցակետերում
ՆԳՆ ոստիկանությունը պարզաբանում է հրապարակել վերջերս սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից շրջանառվող այն տեղեկության մասին, թե ոստիկանությունն ուղեփակոցներ է դրել Երևան մտնող ճանապարհներին: Ոստիկանությունը, մասնավորապես, հայտնում է․
«Հայտնում ենք, որ սեպտեմբերի 11-15-ը Հայաստանի տարածքում անցկացվում է «Կանալ-խափանում» միջազգային հակաթմրանյութային գործողությունը, որի համակարգման շտաբը գտնվում է Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում:
Նախատեսված է ՀԱՊԿ պատասխանատվության գոտի մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների ներկրման կանխում, թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբավորումների հայտնաբերում, թմրամիջոցների անօրինական շրջանառության ֆինանսական հենքերի քայքայում, ինչպես նաև թմրամիջոցների, զենք-զինամթերքի ու պայթուցիկ նյութերի հայտնաբերում և առգրավում:
Գործողությունն անցկացվում է Հայաստանի ողջ տարածքում և սահմանային բոլոր անցակետերում»: