1562 ուսուցիչ բարձրացված վարձատրություն են ստանում հավելավճարով։
Վարչական ռեսուրսի կիրառման հետ կապված որևէ քննարկման թեմա չկա, կլինեն փաստեր և հանգամանքներ և այն բոլոր մարդիկ, ովքեր կփորձեն որևէ ուսումնական հաստատության ուղղորդմամբ տանել որևէ հավաքի, նրանք կստանան օրենքով սահմանված իրենց պատիժը։ Ի պատասխան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին՝ որ մանկավարժական կոլեկտիվների ներկայացուցիչներ են մասնակցում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի քարոզարշավին, նման հայտարարություն արեց ԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարը նշեց, որ առանձնապես վստահություն չունի վկայակոչած փաստին, քանի որ հենց դրանք հրապարակվել են, ինքը ուսումնասիրել է. «Այնտեղ ներկայացված որևէ թիվ չէր համապատասխանում իրականությանը։ Այդտեղ նշված է 114 դպրոց, երբ այդ դպրոցի անձնակազմը, տնօրինությունը որևէ տեղ չէր եղել, որևէ բանի չէր մասնակցել, չնայած դրա սահմանադրական իրավունքն ունի յուրաքանչյուր քաղաքացի։ Այստեղ խոսելու բան չկա՝ կլինեն փաստեր, կլինի օրենքի ամբողջ խստությամբ համապատասխան պատիժը»։
Անդրադառնալով նոր չափորոշչով պայմանավորված 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանների նոր դասագրքերին՝ ԿԳՄՍ նախարարն ասաց. «Դասագրքերի գործընթացը չի ձախողվել, դադարեք անվանել այդպես մի գործընթաց, որին նույնիսկ մանրամասն չեք ծանոթանում»։
Ընդդիմադիր պատգամավորը նաև հարցրեց, թե քանի ուսուցիչ է ստանում 400 հազար դրամ աշխատավարձ։ Ժ. Անդրեասյանն ասաց. «Ուսուցիչների կամավոր ատեսավորման մասին հարցին ի պատասխան ասեմ, որ այս պահին ունենք 1562 ուսուցիչներ, որոնք բարձրացված վարձատրություն են ստանում հավելավճարով, 6600 դիմում ունենք նոր փուլի մասնակցության համար, որը կսկսվի սեպտեմբերի 23-ից։
Ինչ վերաբերում է 400 հազար և ավելի ստացող ուսուցիչներին, քանի որ ունենք 533 հազար դրամ վարձատրություն ստացող ուսուցիչ, նրանք մի քանի տասնյակ են»։