Հանցագործություն կատարած անձիք ձերբակալվել են։
Սեպտեմբերի 5-ին, ժամը 1.40-ին շտապօգնության ենթակայանից ոստիկանության Էրեբունի բաժին ստացվել էր հաղորդում, որ կանչով մեկնել են Նուբարաշենի գերեզմանների մոտ, որտեղ փողոցում գլխի վնասվածքով ընկած տղամարդ կար:
Ոստիկանները պարզել են, որ տղամարդը վնասվածքներն ստացել է հենց Նոր Խարբերդում՝ անհայտ անձի հետ տանը ծագած վիճաբանության ժամանակ:
Պարզվել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերին Երեւանի Ավանի Դուրյան թաղամասի բնակիչ 44-ամյա մի տղամարդ երեք ընկերների հետ Կոտայքի Մրգաշեն գյուղի բնակիչ 33-ամյա տղամարդու «Ռենո» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Նոր Խարբերդ: Տուժածի տանը վիճաբանության ժամանակ տանտիրոջը ծեծի են ենթարկել, այնուհետեւ իր կամքին հակառակ տեղափոխել Նուբարաշենի գերեզմանատան մոտ:
Ճանապարհին մեքենայում տուժածը հայհոյանքներ է հնչեցրել նրանց հասցեին, վիճաբանությունը շարունակվել է գերեզմանոցի մոտ, որտեղ էլ մրգաշենցի տղամարդը դանակով հարվածներ է հասցրել տուժածին: Նրան այդ վիճակում թողնելով 4-ն էլ հեռացել են:
Այս ամենը պարզելուց հետո երեւանցին ու մրգաշենցին հայտնաբերվել են եւ ձերբակալվել: