Chevrolet-ը վրաերթի է ենթարկել ինքնագլորով շրջող 15-ամյա տղաների. կա 1 զոհ, 1 վիրավոր

Վարորդը ենթարկվել  սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:35-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Արման Կ.-ն իր վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ 15-ամյա Հայկ Հ.-ին և 15-ամյա Արամ Մ.-ին։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածներից Հայկ Հ.-ն տեղում մահացել է, իսկ Արամ Մ.-ն բուժօգնության է տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին վիրավորին տեղափոխել հիվանդանոց:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան և ինքնագլորը տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Վարորդը ենթարկվել  սթափության փորձաքննության, եղել է սթափ:

«Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգել են Ոստիկանության Մալաթիայի  բաժին և հայտնել, որ վիրավորին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Դեպքի ականատեսներն ասել են, որ երեխաները եղել են էլեկտրական ինքնագլորով, որը նախատեսված է եղել մեկ մարդու համար և անակնկալ հայտնվել են փողոցում, ինչից հետո տեղի է ունեցել ողբերգական վրաերթը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print