Փաշինյանը հերքեց լուրերը, թե ՀՀ–ն արգելել է, որ Լեռնային Ղարաբաղից քաղաքացիները տեղափոխվեն Հայաստան։
Ես ուզում եմ հստակ ասել, որ Լաչինի միջանցքն արդեն 10 ամիս է` փակ է։ Այդ ողջ ընթացքում, այս պահին էլ Լաչինի միջանցք տանող հայաստանյան ճանապարհները ոչ մի րոպե փակ չեն եղել և շարունակում են փակ չլինել։ Այս մասին այսօր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը հերքեց լուրերը, թե ՀՀ–ն արգելել է, որ Լեռնային Ղարաբաղից քաղաքացիները տեղափոխվեն Հայաստան։
«Նման բան չկա, որ հատուկ տարածում են թեման, թե Հայաստանը չի ցանկանում ընդունել ԼՂ-ից եկող մարդկանց։ Մենք չենք հայտարարել այս մասին, բայց քննարկել ենք տարբեր սցենարներ, հյուրանոցների համարներ ենք ամրագրել, մի քանի տասնյակ հազար կեցավայրեր ենք նախապատրաստել»,– ասաց ՀՀ վարչապետը։
«Ավելին ասեմ՝ դեռ այս շաբաթվա մեկնարկին ես հանձնարարական եմ տվել, որպեսզի աշխատանքային խումբ ձևավորվի ԼՂ-ից տեղահանված անձանց, փախստականների հնարավոր խմբերին դիմավորելու, նրանց տեղավորելու, նրանց կեցության և կենցաղային պայմաններն ապահովելու համար»,- հավելեց նա՝ տեղեկացնելով, որ տարբեր սցենարներ են քննարկվել, ընդհուպ հյուրանոցների համարներ են ամրագրվել, մի քանի տասնյակ հազար մարդու համար կեցավայրեր են պատրաստվել:
Նա ասաց, թե վերլուծելով իրադրությունը` այնպիսի տպավորություն է ստանում, թե ուժեր կան, որոնք ուզում են Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու ադրբեջանական պլանն իրականացնել այնպես, որ Ադրբեջանը մեղադրելու որևէ առիթ չունենա։