Բոլորից ավելի մենք ենք շահագրգռված այս իրավիճակի հնարավորինս շուտ հանգուցալուծմամբ։
Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտության կտրուկ սրացում եղավ, վատթարացավ մարդասիրական իրավիճակը, փախստականների թվի կտրուկ ավելացման ռիսկեր առաջացան, բախումների ընթացքում եղան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում, դժբախտաբար, ռուս խաղաղապահները ևս զոհեր ունեցան իրենց առաքելությունը կատարելիս: Այդ մասին ՄԱԿ ԱԽ նիստում հայտարարեց ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին:
Չնայած այս բարդ իրավիճակին՝ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է բարեխղճորեն կատարել իր առաքելությունը և հնարավոր ամեն ինչ անում է՝ պաշտպանելու համար քաղաքացիական բնակչությանը, և մարտական գործողությունների վերսկսման պահից ի վեր՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը կապի մեջ է եղել ղարաբաղահայության ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների հետ և քայլեր է ձեռնարկում, որպեսզի անմիջապես դադարի արյունահեղությունը, և ապահովվեն մարդասիրական իրավունքի նորմերը քաղաքացիական բնակչության համար»,- նշել է դիվանագետը:
«Ռուսական խաղաղապահ զորախմբի ակտիվ միջնորդությամբ համաձայնություն է ձևավորվել լիովին դադարեցնելու մարտական գործողությունները:
Ռուսական առաքելությունը շարունակում է կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացման գործում, և բոլորից ավելի մենք ենք շահագրգռված այս իրավիճակի հնարավորինս շուտ հանգուցալուծմամբ»,- ասել է Պոլյանսկին:
Նա հիշեցրել է ՌԴ նախագահի քննարկումները ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ, նշել, որ նրանք պայմանավորվել են ջանքեր գործադրել լարվածության թոթափման, կայունացման ուղղությամբ:
—