Մոսկվան հուսով է, որ Վաշինգտոնը զերծ կմնա վտանգավոր խոսքերից ու գործողություններից. ՌԴ դեսպան

ԱՄՆ և իր դաշնակիցների խնդիրը ոչ թե Անդրկովկասում իրավիճակի կարգավորումն ու խաղաղ զարգացումն է, այլ Ռուսաստանին ռազմավարական վնաս հասցնելն ու եվրասիական տարածքի մտադրված ապակայունացումը՝ մեզ այս տարածաշրջանից դուրս թողնելու հեռանկարով։

Մոսկվան հուսով է, որ Վաշինգտոնը զերծ կմնա վտանգավոր խոսքերից ու գործողություններից, որոնք կհանգեցնեն Հայաստանում հակառուսական տրամադրությունների ուժեղացմանը: Այս մասին երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը:

«Վաշինգտոնին կոչ ենք անում զերծ մնալ ծայրաստիճան վտանգավոր խոսքերից ու գործողություններից, որոնք կհանգեցնեն Հայաստանում հակառուսական տրամադրությունների արհեստական ուժեղացմանը: Դրանով հաստատվում է, որ ԱՄՆ և իր դաշնակիցների խնդիրը ոչ թե Անդրկովկասում իրավիճակի կարգավորումն ու խաղաղ զարգացումն է, այլ Ռուսաստանին ռազմավարական վնաս հասցնելն ու եվրասիական տարածքի մտադրված ապակայունացումը՝ մեզ այս տարածաշրջանից դուրս թողնելու հեռանկարով»,- ասել է նա:

Մեկնաբանելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, թե ՌԴ-ն Հայաստանի համար անվտանգության ոլորտում վստահելի դաշնակից չէ, դեսպանն ասել է.

«Տեղի պաշտոնյաների նման ակնարկները վրդովեցուցիչ են: Ամերիկացիները, փաստացի, ձայնակցում են հայ քաղաքական գործիչների ապակառուցողական հրապարակային հայտարարություններին, որոնց նպատակն է իրենցից հեռացնել պատասխանատվությունը երկրի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ եղած բացթողումների համար»,- ասել է դեսպանը` շեշտելով, որ ՌԴ-ն եղել և մնում է Հայաստանի հավատարիմ դաշնակիցը, միշտ ձգտել է եղբայրական այս երկրին անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել, այդ թվում` ԼՂ խաղաղապահներ ուղարկելով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print