11,5 միլիոն ամերիկյան դոլար՝ ԼՂ բնակչության կարիքների համար

Ֆինանսական աջակցության միջոցները կտրամադրվեն տեղահանվածներին սննդամթերքով ապահովելու համար, ինչպես նաև ծանր սոցիալ-հոգեբանական աջակցության համար։

Այստեղ եմ եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանձնարարականով՝ զրուցելու Հայաստանի իշխանությունների, ՀԿ-ների և ամենակարևորը՝ քաղաքացիական անձանց հետ, և այն մարդկանց հետ, որոնք ԼՂ-ից դուրս են գալիս: Այդ մասին Կոռնիձորում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը:

«Ծանր է լսել, տեսնել այն ամենը, ինչի միջով անցնում են այս ընտանիքները: Նրանցից շատերը հեռացել են իրեն համայնքներից հրետակոծության ներքո, և այստեղ հասած շատերի մոտ թերսնում է»,- ասաց Սամանտա Փաուերը։

Ամերկացի պաշտոնյան ընդգծեց, որ այս պահին կարևորագույն անհրաժեշտություն է, որպեսզի միջազգային դիտորդները, հումանիտար կազմակերպությունները կարողանան հասնել և աջակցություն ցուցաբերել ԼՂ ժողովրդին հենց տեղում:

«Մենք գիտենք, որ վիրավոր քաղաքացիական անձինք կան ԼՂ-ում, որոնք տարհանման կարիք ունեն, և անհրաժեշտ է, որ նրանց տարհանումն անմիջապես կազմակերպվի Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Հաշվի առնելով այն կարիքները, որ այժմ ունեն ԼՂ-ից եկողները, ԼՂ բնակչությունը, ես այսօր հայտարարում եմ, որ ԱՄՆ կառավարությունը հումանիտար օգնության նպատակով հատկացնում է 11,5 միլիոն ամերիկյան դոլար»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ աջակցության միջոցները կտրամադրվեն տեղահանվածներին սննդամթերքով ապահովելու համար, ինչպես նաև ծանր սոցիալ-հոգեբանական աջակցության համար:

Սամանտա Փաուերը նաև տեղեկացրեց, որ հանդիպել է մարդկանց, որոնք տեղյակ չեն՝ որտեղ են նրանց ընտանիքի անդամները:

«Կան առանց ծնողների ուղեկցության ՀՀ ժամանած մեծ թվով երեխաներ, և խիստ անհրաժեշտ է, որպեսզի հնարավորինս շուտ նրանք կարողանան գտնել իրենց ընտանիքներին:

Մենք Հայաստան տեղափոխված, տեղահանված անձանցից նաև լսում ենք, որ իրենք կուզենային, ցանկություն ունեն վերադառնալու իրենց տներ, որպեսզի կարողանան այցելել իրենց հարազատների գերեզմաններ: Տեղաշարժի ազատությունը բացարձակապես անհրաժեշտ է և կարևոր»,- ասաց նա:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարը նաև ընդգծեց, որ ԱՄՆ-ը կշարունակի լինել Հայաստանի կառավարության, տեղի կամավորների կողքին, որոնք ջերմորեն են ընդունում ԼՂ-ից եկողներին: Այդ տեսանկյունից կշարունակվի աշխատանքը համայնքների, տեղական իշխանությունների հետ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print