Արցախցիների համար կարճաժամկետ ու երկարաժամկետ աջակցության ծրագրեր են մշակվում

Սոցիալական հետագա ծրագրերը բխելու են  անձանց նույնականացման և կարիքների գնահատման տվյալներից:

Հայաստանի կառավարությունը  Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հորդորում է կեցության վայրեր մեկնել հաշվառվելուց հետո։ Անհրաժեշտ է տվյալները թողնել կոորդինացիոն բոլոր կենտրոններում ու հաշվառման կետերում։ Վերջին տվյալներով՝ արդեն Հայաստան է ժամանել շուրջ 93 հազար արցախցի։ Այսօր նախորդ օրերի համեմատ մարդկանց հոսքը նվազել է։  Կառավարությունն  այս ընթացքում արցախցիների կարճաժամկետ ու երկարաժամկետ աջակցության  ծրագրեր է մշակում։ Առաջիկա օրերին կսկսվի օգնության առաջին փաթեթների տրամադրումը։

Հայաստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման ընթացքում իրականացվում է կարիքի նախնական գնահատում, հաշվառումն էական գործընթաց է՝ հետագա սոցիալական աջակցության ծրագրերը թիրախային դարձնելու տեսանկյունից:Մինչ դրանք կհաստատվեն, այս պահին հստակ է, որ կառավարությունը միանվագ 100 հազարական դրամ գումար կտրամադրի բռնի տեղահանված յուրաքանչյուր արցախցու։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հստակեցնում է․ «Այս միանվագ աջակցությունը կստանան բոլորը։ Անկախ տարիքից՝ բոլորը կստանան։  Շատերի անհատական տվյալները կան, ովքեր չկան, կհաշվառենք ու կտրամադրենք գումարը»։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի տեղեկացմամբ՝ բանկային քարտեր ունեցողները աջակցությունը կստանան միանգամից։ Բայց կան նաև մարդիկ, որոնք չունեն բանկային քարտեր, նրանք պետք է հաշվառվեն, նույնականացվեն միասնական սոցիալական ծառայության ստորաբաժանումներում։

«Շատ կարևոր է, որ բոլորը մաս դառնան այդ հաշվառման գործընթացի։ Համայնքներում, մարզպետարանները հասցեները հրապարակել են, միասնական սոցիալական ծառայություններում պետք է հաշվառվեն։ Այստեղ կարող են նույնականացվել նաև մեր  այն հայրենակիցները, որոնք չունեն անձնագիր կամ որևէ փաստաթուղթ»։

Նրանց տվյալները պետռեգիստրից կհանվեն, ինքնանույնացման գործընթաց կկատարվի, մարդկանց  տեղեկանքներ  կտրամադրվեն ու Հայփոստի բաժանմունքներից կստանան աջակցությունը։ Գումարները կտրվեն՝  ըստ թիրախային խմբերի, դրանք առաջիկայում կհրապարակվեն։ Երեխաների տվյալները լրացնելու համար էլ առանձին հարթակ են գործարկելու՝ ասում է  Մկրտչյանը։ Վերջին տվյալներով՝ արդեն Հայաստան է  ժամանել շուրջ  93 հազար բռնի տեղահանված։ Նրանցից  շուրջ  63 հազարն է հաշվառվել։ Պետության տրամադրած կեցավայրերից օգտվել է 23 433 անձ։ Արագածոտնում կեցություն է  հաստատել 976, Արարատում  6031 Արմավիրում՝  2124, Գեղարքունիքում  2147, Լոռիում՝ 1187,Կոտայքում՝ 5323, Շիրակում՝  897, Սյունիքում՝  2050, Վայոց ձորում՝ 1555, Տավուշում՝ 1183 Արցախից բռնի տեղահանված:

Հայաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի փոխանցմամբ՝  հաշվառվածների շրջանում ամենամեծ թվով տեղահանվածները Ստեփանակերտից են, ապա Մարտակերտից, Ասկերանից ու  Մարտունուց։ Տվյալները նույնպես ժամ առ ժամ փոխվում են։ Ղազարյանը հստակեցնում է, որ հաշվառումն իրականացվում է 2 փուլով, առաջինը՝ անձնական տվյալների հավաքագրումն ու նույնականացումն է:

irazekum.am կայքում ևս հրապարակված է բոլոր մարզերում հումանիտար կենտրոնների ցանկը: ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցները կարող են հաշվառվել նաև բոլոր հումանիտար կայաններում: Սոցիալական հետագա ծրագրերը բխելու են  անձանց նույնականացման և կարիքների գնահատման տվյալներից:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print