Վարկը տրամադրվում է Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) եւ միջին կապիտալիզացիայի կազմակերպությունների հասանելիությունը ֆինանսական ռեսուրսներին մեծացնելու նպատակով։
Եվրոպական միության (ԵՄ) վարկային խումբ հանդիսացող Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) €70 միլիոնին համարժեք վարկ կտրամադրի Հայաստանի կենտրոնական բանկին (ԿԲ):
ԿԲ-ից հայտնել են, որ վարկը տրամադրվում է Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) եւ միջին կապիտալիզացիայի կազմակերպությունների հասանելիությունը ֆինանսական ռեսուրսներին մեծացնելու նպատակով։
Այս նախաձեռնությունը ԵՆԲ-ի Հայաստանի տնտեսական դիմակայունության ծրագրի մի մասն է, որն աջակցություն է ստանում Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի կողմից (EFSD+): Ծրագիրը նախատեսված է Հայաստանում բիզնեսի ֆինանսավորման հասանելիությունը հեշտացնելու համար՝ նպաստելով տնտեսական աճին եւ ճկունությանը:
Հայաստանի կենտրոնական բանկի միջոցով տրամադրվող միջոցները կուղղվեն ծրագրի պահանջները բավարարող ընկերություններին առեւտրային բանկերի եւ ունիվերսալ վարկային կազմակերպությունների միջոցով՝ ապահովելով ֆինանսավորման պարզեցված մոտեցում: Ինչպես նախորդ ծրագրերը, այս ծրագիրը եւս կիրականացվի Գերմանահայկական հիմնադրամի կողմից եւ կաջակցի մոտ 1200 ձեռնարկությունների՝ ապահովելով 1500 աշխատատեղ: Արդեն իսկ հաստատվել է ութ գործընկեր ֆինանսական կազմակերպության մասնակցությունը ծրագրին։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է, որ վարկը վերահաստատում է ԵՄ հանձնառությունը Հայաստանի կայուն տնտեսական աճին. «Այս նախաձեռնությունը վճռականորեն նպաստում է ԵՄ Տնտեսական եւ ներդրումային պլանի նպատակին՝ մոբիլիզացնելու €500 միլիոնի չափով ներդրումներ Հայաստանի մասնավոր հատվածի համար եւ աջակցելու 30 000 ՓՄՁ-ների»:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշել է․ «Հաշվի առնելով ընթացիկ տարածաշրջանային բարդ զարգացումները՝ այսօր հատկապես կարեւոր է անել առավելագույնը ապահովելու մասնավոր հատվածի կայուն եւ շարունակական զարգացման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները»։
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի խոսքով՝ նոր վարկային ծրագրի շրջանակում ՓՄՁ-ների եւ միջին կապիտալիզացիա ունեցող կազմակերպությունների կողմից կանաչ նախագծերում, կանանց ձեռներեցության խթանմանն ու ՓՄՁ-ների թվայնացմանն ուղղված նախագծերում ներդրումների ֆինանսավորման հավակնոտ թիրախներ են սահմանվել: