Տնտեսական մրցակցության հանձնաժողովն ուսումնասիրություն էր սկսել բենզինի շուկայում՝ պարզելու վառելիքի թանկացման հիմքերը։
Բենզինն այսօր կրկին թանկացել է 20 դրամով․ երևանյան բենզալցակայաններում «պրեմիում» տեսակի բենզինի 1 լիտրը միջինում վաճառվում է 560 դրամով, «ռեգուլյարը»՝ 530, դիզելային վառելիքը՝ 550 դրամով։
Բենզինի գնաճը հանրապետությունում սկսվել է այս տարվա հունիսից։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականի հունիսին, մայիսի համեմատ, այն թանկացել է 10.5%-ով, իսկ հուլիսին, հունիսի համեմատ, 11.1%-ով։ Տնտեսական մրցակցության հանձնաժողովն ուսումնասիրություն էր սկսել բենզինի շուկայում՝ պարզելու վառելիքի թանկացման հիմքերը։
ՏՄՀ-ից Factor.am-ին հայտնեցին, որ արդյունքներն այժմ ամփոփվում են, ավարտելուց հետո կհրապարակվեն։ Եթե բացահայտվեն գնի չհիմնավորված բարձրացման երևույթներ, ապա հանձնաժողովը համապատասխան վարչական վարույթներ կհարուցի։
Մայիսի վերջին ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն Ազգային ժողովում հայտարարել էր, որ Հայաստանում բենզինի վաճառքի գներն ավելի ցածր են, քան պետք է լինեին, ինչը տնտեսապես կասկածներ է հարուցում` ցածր լինելու առումով։ Մասնավորապես, Վրաստանի բենզալցակայաններում «ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրն արժեր 364-365 դրամ, մինչդեռ Հայաստանում այն տատանվում էր 330-370 դրամի սահմաններում։
Ամեն դեպքում, նախնական տվյալներով, Հայաստանում վառելիքի թանկացման պատճառներից մեկը միջազգային շուկաներում գների բարձրացումներն են։ Խոսքն առավելապես Ռուսաստանի մասին է, քանի որ Հայաստանը բենզին ներկրում է հիմնականում այդ երկրից։
Ընդ որում, վերջին 2 տարում ՀՀ վառելիքի ներմուծման ծավալներն ավելացել են։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներմուծել է 10%-ով ավելի նավթամթերք (բենզին, դիզելային վառելիք, ավիավառելիք)՝ 257 հազար տոննա, որի մաքսային ընդհանուր արժեքը կազմել է 228 մլն դոլար։ 2022 թվականին, 2021-ի համեմատ, ներկրվել էր 10%-ով ավելի նավթամթերք՝ 519 հազար տոննա՝ ընդհանուր 574 մլն դոլար արժեքով։