Առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք 100 000 միանվագ աջակցությունը կստանան Հայփոստի միջոցով

Անչափահաս երեխաների համար գումարը կհատկացվի երեխայի մորը։

Մենք հիմա էլ հայտնաբերում ենք տարբեր կացարաններում միայնակ, խնամքի կարիք ունեցող մեր տարեց հայրենակիցներին և կազմակերպում ենք նրանց խնամքը համապատասխան հաստատություններում: Այդ մասին ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով հումանիտար կենտրոնի աջակցության աշխատանքների ընթացքը:

Նախարարի խոսքով՝ այս պահի դրությամբ խնամքի կարիք ունեցող ավելի քան 250 միայնակ տարեցներ, որոնց շրջանում կան նաև հաշմանդամություն ունեցող ավագ սերնդի ներկայացուցիչներ, շուրջօրյա խնամք են ստանում խնամքի հաստատություններում»,- նշեց նախարարը: 

Ինչ վերաբերում է առանց խնամքի մնացած երեխաներին՝ նախարարն ասաց, որ առանց ծնողական խնամքի մնացած շուրջ 20 երեխաներ նաև ուղղորդվել են խնամքի հաստատություններ, որտեղ նաև կրթական գործընթացի մեջ են նրանք ներգրավված: «Բավականին ջերմ ընդունելության են, բնականաբար, արժանացել և՛ աշխատակիցների, և՛ խնամյալ մյուս երեխաների կողմից: Մենք անընդհատ մեր ուշադրության կենտրոնում ենք պահում նրանց»,- նշեց Նարեկ Մկրտչյանը:

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն էլ անդրադառնալով 100 000 միանվագ աջակցությունն ստանալու քայլերի հաջորդականությանը, նշել է, որ այն անձինք, ովքեր ունեն բանկային քարտեր, մոտ օրերս կստանան այդ գումարը, իսկ այն անձինք, ովքեր չունեն բանկային քարտեր, պետք է մոտենան մոտակա ցանկացած բանկ և բանկային քարտի հաշիվ բացեն, որից հետո կստանան այդ գումարը: Բանկային քարտային հաշվի բացումը և քարտի տրամադրումը տեղի կունենա անվճար: Բանկային քարտային հաշվի բացումից հետո, անհրաժեշտություն չկա այն ներկայացնել Միասնական սոցիալական ծառայություն, բավարար է պարզապես մոտենալ բանկ և բացել քարտային հաշիվ: Անչափահաս երեխաների համար գումարը կհատկացվի հետևյալ կերպ՝ երեխայի մայրը պետք է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքէջում գործարկվելիք հարթակում կցի երեխայի տվյալները, որպեսզի փոխանցումն իրականացվի իր հաշվեհամարին: Այն անձինք, ովքեր ունեն առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն կամ 75-ից բարձր տարիքային խմբում են, տրամադրվող գումարը հասանելի կլինի Հայփոստի միջոցով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print