Մայր Աթոռը կազմակերպում է արցախցի դպրոցականների ուսումը Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում

Դպրոցը հոգում է նաեւ աշակերտների Հնդկաստան ուղեւորության, կեցության, սննդի, հագուստի եւ բժշկական ծախսերը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը կազմակերպում է ընդունելություն 7-10 տարեկան արցախցի տղաների եւ աղջիկների համար:

Հայոց մարդասիրական ճեմարանում ուսուցումն անգլերենով է, բացառությամբ «Հայոց լեզու եւ գրականություն», «Հայրենագիտություն», «Հայոց պատմություն» եւ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկաների:

Հնդկաստանում պաշտոնապես գրանցված եւ պետականորեն ճանաչված հայկական դպրոցը Դելիի՝ հնդկական տասնամյա դպրոցական կրթության որակավորման խորհրդի անդամ է եւ աշակերտներին լավագույնս պատրաստում է 10-րդ դասարանի ավարտական քննություններին: Ճեմարանի կրթական ծրագիրն ու չափորոշիչները համապատասխանեցված են Դելիի կրթական համակարգին:

Հայոց մարդասիրական ճեմարանում ուսումն անվճար է: Դպրոցը հոգում է նաեւ աշակերտների Հնդկաստան ուղեւորության, կեցության, սննդի, հագուստի եւ բժշկական ծախսերը:

Ճեմարան ընդունելության համար ծնողները պետքէ իրենց զավակներից պահանջվող փաստաթղթերն անձամբ ներկայացնեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն։

Մարդասիրական ճեմարանի 10-րդ դասարանը «լավ» կամ «գերազանց» գնահատականներով ավարտած հայ պատանիները կարող են իրենց ուսումը ևս 2 տարի շարունակել Կալկաթայի Լա Մարտինիեր անգլիական ավագ դպրոցում: Վերոհիշյալ դպրոցում աշակերտների ուսման, ճեմարանում կեցության, սննդի, հագուստի եւ բժշկական ծախսերն ամբողջապես հոգում է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը:

Լա Մարտինիեր դպրոցի 11-րդ եւ 12-րդ դասարանները «լավ» կամ «գերազանց» գնահատականներով ավարտած հայ պատանիներին բացառիկ հնարավորություն կընձեռնվի իրենց ցանկությամբ եւ ընտրությամբ, ինչպես նաեւ ճեմարանի տեսչության համաձայնությամբ, Հնդկաստանի որեւէ բարձրագույն ուսումնական հաստատությունում շարունակելու կրթությունը, ինչպես բակալավրիատում, այնպես եւ՝ մագիստրատուրայում: Ուսման ողջ ընթացքում հայ ուսանողներին կտրվի կրթաթոշակ, բացի դրանից ուսման, ճեմարանում կեցության, սննդի, հագուստի եւ բժշկության ծախսերն ամբողջությամբ կհոգա Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը:

Ընդունելության համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը.

Անձնագիր, մկրտության վկայական, լուսանկար՝ 4 հատ (5 սմ x 5 սմ), լուսանկարի թվային տարբերակը հարկավոր է ուղարկել էլ. հասցեին՝ նշելով անունը եւ ազգանունը:

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարե՛ք (010) 517 283 հեռախոսահամարով։ Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն, երկուշաբթիից ուրբաթ օրերին, ժամը` 10:00-17:00։

Հասցե` ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ։

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել https://www.facebook.com/Armenian College And Philanthripic Academy ֆեյսբուքյան էջը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print