Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունն անընդունելի է համարում ԼՂ նախկին ղեկավարների ձերբակալության հետ կապված իր գործողությունների օրինականությունը կասկածի տակ դնելը։

Հայաստանը շահագրգռված չէ Ադրբեջանի հետ խաղաղությամբ և հարաբերությունների կարգավորմամբ։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ ի պատասխան Արցախի առաջնորդների ձերբակալությունների վերաբերյալ Հայաստանի արտգործնախարարության այսօրվա հայտարարությանը։

Բաքուն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ձերբակալության հետ կապված իր գործողությունների օրինականությունը կասկածի տակ դնելը։

«Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի արտգործնախարարության այսօրվա հայտարարությունը։ Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Հայաստանը չի հրաժարվում Ադրբեջանի դեմ տասնամյակներ շարունակ իրականացրած ագրեսիվ քաղաքականությունից և գործողություններից։ Այս հայտարարությամբ նաև փորձ է արվում արդարացնել ձերբակալվածների գործողությունները։ Այդ անձանց ձերբակալությունը Ադրբեջանի դեմ ագրեսիայի, անջատողականության խթանման, ահաբեկչական գործողությունների, մարդկության դեմ հանցագործություններ կատարելու վերաբերյալ քրեական գործի շրջանակում ծառայում է արդարության վերականգնմանը, և այդ քայլերի օրինականությունը կասկածի տակ դնելն անընդունելի է»,- ասված է Բաքվի հայտարարությունում, հայտնում է APA գործակալությունը։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հավելում է, որ «հազարավոր հայ զինվորականներ և անօրինական զինված խմբավորումների անդամներ, ովքեր կամավոր համաձայնել են վայր դնել զենքերը, ազատ են արձակվել և անարգել մեկնել Հայաստան»։

«Շարունակելով Բաքվի դեմ անհիմն հայցեր ներկայացնել դատարաններում, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանում, Հայաստանը ցույց է տալիս, որ հետաքրքրված չէ խաղաղությամբ և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով», – պնդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print