Ինչ սկզբունքների հիման վրա կշարունակվի խաղաղության գործընթացը

Փաշինյանն ընդգծեց՝ եթե Ադրբեջանը հրապարակային ձևով այս սկզբունքներին իր նվիրվածությունը վերահաստատի, գործնականում կարող ենք համարել, որ խաղաղության պայմանագրի կնքումը ընդամենը կարճ ժամանակի հարց է։

Կարևոր խնդիր է, որ կարողանանք այնպես անել, որ խաղաղ գործընթացը շարունակվի, և շարունակվի մի քանի առանցքային սկզբունքների հիման վրա: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Գրանադայում հոկտեմբերի 5-ին կայանալիք հանդիպումը Ադրբեջանի կողմից չեղարկելու պատճառը արդյոք ֆորմատնն ու միջնորդնե՞րն էին:

Փաշինյանը նախ ներկայացրեց այն երեք սկզբունքները, որոնց հիման վրա պետք է խաղաղ գործընթացը շարունակվի: Նախ՝ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 29800 քառակուսի կմ և 86600 քառակուսի կմ: Երկրորդ այն է, որ Ալմա Աթայի հռչակագիրը պետք է դառնա հիմք սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի համար, իսկ գործընթացը, ըստ հայկական կողմի, պետք է իրականացվի 1975 թվականի քարտեզների հիման վրա: Երրորդ սկզբունքը վերաբերում է կոմունիկացիաների բացմանը, համաձայն որի՝ գործընթացը տեղի է ունենալու երկրների սուվերենության, իրավազորության, օրենսդրության, հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա:

«Եթե Ադրբեջանը հրապարակային ձևով այս սկզբունքներին իր նվիրվածությունը վերահաստատի, գործնականում մենք կարող ենք համարել, որ խաղաղության պայմանագրի կնքումը ընդամենը կարճ ժամանակի հարց է:

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանի բարձրագույն պաշտոնյաները, ասելով, որ խաղաղության գործընթացին իրենք համաձայն են, չեն վերահաստատել իրենց հավատարմությունն իմ նշած սկզբունքներին, ինչը կասկածներ է առաջ բերում, որ իրականում նրանք, «խաղաղություն» ասելով, նկատի ունեն իրենց որոշակի ենթադրյալ նկրտումները Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իրականացնելուց հետո»,- ասաց նա:

Փաշինյանը նաև վերահաստատում է Հայաստանի հավատարմությունը վերոնշյալ երեք սկզբունքներին:

«Որ օրը Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարությունը հայտարարի, որ այս երեք սկզբունքներին այդ մանրամասներով իրենք վերահաստատում են իրենց հավատարմությունը, մենք կարող ենք համարել գործնականում խաղաղությունը կայացած»,- ասաց նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print