Առաջիկա օրերի ընթացքում Կառավարությունը կհաստատի որոշում, որով կտրվի յուրաքանչյուր անձի կտրամադրվի 40-հազարական դրամ տան վարձակալության և 10-հազարական դրամ՝ կոմունալների համար:
Վերջին 1 օրվա ընթացքում ԼՂ-ից նոր ժամանածներ չկան, բռնի տեղահանվածների թիվը փոփոխության չի ենթարկվել: Վերջին տվյալների համաձայն՝ Հակարիի կամուրջը հատել է 100 632 անձ: Հաշվառվածների թիվը 99 տոկոս է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ տեղեկացնելով, որ ժամանածների շուրջ 75 տոկոսը մարզերում է:
Ըստ այդմ՝ Սյունիքում տեղակայվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 5444 անձ, Վայոց ձորում՝ 2134, Գեղարքունիքում՝ 5125, Արարատում՝ 18212, Կոտայքում՝ 21593, Արագածոտնում՝ 3967, Արմավիրում՝ 8044, Լոռիում՝ 4107, Շիրակում՝ 3707, Տավուշում՝ 3139, ընդհանուր առմամբ՝ 75472 անձ:
Նշված թվից գերակշիռ մասին՝ 51-52 տոկոսին, պետությունն ապահովել է ժամանակավոր կեցության վայրով, մնացածին տրամադրվել են սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ, դեղորայք:
Առաջիկա օրերի ընթացքում Կառավարությունը կհաստատի որոշում, որով կտրվի յուրաքանչյուր անձի կտրամադրվի 40-հազարական դրամ տան վարձակալության և 10-հազարական դրամ՝ կոմունալների համար: Այս աջակցությունը Հայաստանում բնակարան ունեցողների համար նախատեսված չէ:
Նազելի Բաղդասարյանը նաև տեղեկացրեց, որ ԿԲ-ն առավել քան 50 հազար անձի բանկային քարտային տվյալներ փոխանցել է Միասնական սոցիալական ծառայությանը, այժմ տեղի է ունենում տվյալների համադրում: 100-հազարական դրամների տրամադրման գործընթացն այսօրվանից կմեկնարկի: Բանկային գործարքներն իրականացվելու են աշխատանքային օրերի ընթացքում: