ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել ավելացնել միջազգային աջակցությունը ԼՂ հայերին

ԵԱՀԿ գործող նախագահի համոզմամբ` անկախ միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը ԼՂ–ում վստահություն կհաղորդի այն հայերին, որոնք ցանկանում են վերադառնալ:

ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է անում անհապաղ մարդասիրական աջակցություն ցուցաբերել ԼՂ հայությանը և միջազգային միջամտություն ցուցաբերել։ Այս մասին հայտարարությունը հրապարակված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում։

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին կոչ է արել ավելացնել միջազգային աջակցությունը Հայաստանի Հանրապետությունում ապաստան գտած ավելի քան 100 000 ԼՂհայերին:

«Մարդասիրական կարիքները պետք է մնան գերխնդիր, և միջազգային հանրությունը պետք է ակտիվորեն ներգրավվի ՀՀ–ին օգնելու համար»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ԵԱՀԿ գործող նախագահ Օսմանին ի գիտություն է ընդունել հոկտեմբերի 1–ին ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Ստեփանակերտ և կարծում է, որ միջազգային հանրության հետագա ներգրավվածությունը կնպաստի տեղում իրավիճակի կայունացմանը և կայուն խաղաղության հասնելուն:

ԵԱՀԿ գործող նախագահի համոզմամբ` անկախ միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը ԼՂ–ում վստահություն կհաղորդի այն հայերին, որոնք ցանկանում են վերադառնալ:

«Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը ԵԱՀԿ շրջանակներում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների համաձայն հենց այս երկրի պատասխանատվությունն է: Վեճերի կարգավորման համար դիվանագիտական բանակցությունների փոխարեն ուժի կիրառումը միշտ անընդունելի է և խոչընդոտում է արժանապատիվ և համապարփակ խաղաղության հասնելու հեռանկարներին»,– նշել է Բույար Օսմանին:

ԵԱՀԿ–ն հայտարարության վերջում նշում է, որ իր մանդատի շրջանակներում պատրաստ է ներդրում ունենալու՝ տարածաշրջանում արդար, տևական, արժանապատիվ և համապարփակ խաղաղության հասնելու համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print