Գորիսի ուսանողների և դպրոցականների կատարած կամավորական աշխատանքները օրինակ դարձան. Ժաննա Անդրեասյան

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ուսանողներին և դասախոսական կազմին դժվարին օրերին ցուցաբերած սրտացավության և համախմբվածության համար:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մեկնել է Սյունիքի մարզ և շրջել Գորիսի կրթական և մշակութային մի քանի հաստատություններում:

Գորիսի պետական համալսարանում նախարարը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության կամավորական աշխատանքներում ներգրավված ուսանողների հետ, որոնք շուրջ մեկ շաբաթ բռնի տեղահանված մեր հայրենակիցներին դիմավորում էին, փորձում լուծել ամենահրատապ խնդիրները:

Նախարարին ուղեկցել են Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը, մարզպետարանի և բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ուսանողներին և դասախոսական կազմին դժվարին օրերին ցուցաբերած սրտացավության և համախմբվածության համար: «Այդ ծանր օրերի ձեր կատարած աշխատանքը անգնահատելի է: Մեր հազարավոր հայրենակիցներ, անցնելով սարսափելի դժվարությունների միջով, շատ երկար ճանապարհից հետո այստեղ տեսել են ձեր հոգատարությունը, ջերմությունը: Դուք ստեղծել եք մի մթնոլորտ, որ նրանք հասկանան՝ հայրենիքում են, սիրված են, հարազատ են: Այդ ջերմ մթնոլորտն ու միջավայրը ավելին էին, քան ձեր կատարած կոնկրետ գործողությունները, որոնք ուղենշային կարևորություն ունեցան»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ աջակցության առաջին աշխատանքները հենց Գորիսում են կազմակերպվել:

Նրա խոսքով՝ Գորիսի ուսանողների և դպրոցականների կատարած կամավորական աշխատանքները օրինակ են դարձել մյուս համայնքների և բնակավայրերի համար.

«Դուք ձեր վարքով ցույց տվեցիք ճանապարհը, թե ինչպես պետք է կազմակերպել այդ անչափ կարևոր աշխատանքը: Սա վկայում է այն մասին, որ ամենակարևորներն այս կյանքում արդեն սովորել եք և կարող եք սովորեցնել: Ակնհայտ է՝ ձեր կյանքում արժեքներն ու մոտեցումները ճիշտ են ընտրված, և վստահ եմ՝ այս օրերին շատ բան եք վերաիմաստավորել ինքներդ ձեզ համար: Դուք պատվով եք անցնում մեր պետության և ժողովրդի համար այս ճակատագրական ժամանակահատվածը, որը նաև կերտում է մարդուն: Այս օրերը ուղղորդիչ են լինելու ձեր արժեհամակարգի և ընդհանրապես հետագա ողջ կյանքի համար»,- ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը նաև վստահություն է հայտնել, որ առաջիկայում Գորիսի պետական համալսարանի ուսանողների շարքերը համալրող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին ևս ընդունելու են նույնչափ ջերմությամբ և հարազատաբար: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ մշակվում է ուսանողների աջակցության ծրագիր, որով նախատեսվում է լուծում տալ արցախցի ուսանողների խնդիրներին: ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև որակյալ կրթության դերը պետության ուժեղացման և կայացման, խնդիրների հաղթահարման գործում՝ կոչ անելով ուսանողներին լավ սովորել և դառնալ արհեստավարժ մասնագետներ, որոնց կարիքն ունի պետությունը:

Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցի խոսքով՝ համալսարանի շուրջ 60 ուսանողներ սեպտեմբերի 24-ից սկսած ներգրավվել են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների դիմավորման ու աջակցման աշխատանքներում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպման ընթացքում ուսանողները մանրամասներ են ներկայացրել իրենց կատարած աշխատանքների ու ունեցած դժվարությունների մասին: Պատմել են, թե այդ օրերին ինչպես էին թե՛ մեծերը, թե՛ փոքրերը գիշեր ու ցերեկ հերթափոխով մասնակցում տարատեսակ աշխատանքների: Նրանց որոշ մասն իրականացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների հաշվառումը, մյուսները՝ հայկական Կարմիր խաչի հետ համատեղ զբաղվել են մեր հայրենակիցների առաջնային կարիքների գնահատմամբ, նրանց ապահովել անհրաժեշտ սնունդով, հագուստով, զբաղվել նրանց գիշերակացի ու առաջնային այլ հարցերի կազմակերպմամբ:

«Միշտ ենք մեկ ընտանիքի պես եղել, բայց այս ծանր իրավիճակը միասին հաղթահարելուց հետո այս ընտանիքում հիմա ավելի շատ սեր ու ջերմություն կա: Տեսել ենք շատ բարդ ու ծանր երևույթներ: Ուսանողներ ունեինք, որ ցերեկը զբաղվում էին մեր հայրենակիցների հաշվառմամբ, իսկ գիշերը գալիս սնունդի կամ այլ հարցերով էին օգնում: Դպրոցահասակ երեխաներին չէինք կարողանում համոզել, որ գոնե երեկոյան տուն գնան. բոլորը մեկ մարդու պես, շատ համակարգված լծվել էին մեկ գործի՝ օգնելու Լեռնային Ղարաբաղից բռնի հեռացող մեր հայրենակիցներին»,- նշել են ուսանողները:

Հանդիպման ընթացքում նախարարը կարևորել է նաև կամավորների արագ կողմնորոշվելու և դժվարին իրավիճակը քաոսի չվերածելու կարողությունը՝ այս համատեքստում ընդգծելով մարզային ու քաղաքային իշխանությունների համակարգված ու միասնական աշխատանքը:

«Մեր մյուս բուհերն էլ ունեին ցանկություն ու պատրաստակամություն աջակցության աշխատանքներին միանալու, բայց դուք եղաք առաջինն ու օրինակ ծառայեցիք կրթական համակարգի մեր մյուս օղակներին: Հիմա արդեն բոլորիս անելիքը պետք է լինի մեր հայրենակիցների համար ապրելու արժանապատիվ հնարավորություններ ապահովելը՝ թե՛ կրթության, թե՛ աշխատանքի ապահովման առումով»,- ընդգծել է նախարարը:

Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը նաև տեղեկացրել է՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մի քանի ուսանողներ արդեն իսկ դիմել են բուհ՝ կրթությունը շարունակելու հարցով՝ բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերով:

Այցի շրջանակում նախարարը եղել է նաև Գորիսի դրամատիկական թատրոնում, ավագ և հիմնական դպրոցներում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print