Անխուսափելի մարտահրավերները, որոնց բախվում եք դուք, ստիպում են օրեցօր կատարելագործվել, կատարելագործել հանրությանը մատուցվող գրադարանային ծառայությունների որակը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Գրադարանավարի օրվա առիթով:
«Սիրելի՛ գրադարանավարներ, գրադարանային ոլորտի հարգելի՛ աշխատակիցներ,
արդեն 19 տարի է՝ հոկտեմբերի 7-ը նշանավորվում է որպես ձեր մասնագիտական օր:
Գիրքն ու ընթերցանությունը զենք են, որի նպատակային օգտագործումը դեպի զարգացում տանող ամենաարդյունավետ ճանապարհն է, որը բնորոշում է ձեր կատարած աշխատանքի անվիճելի կարևորությունը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը հանգեցրել է գրադարանային գործում տեղի ունեցած արմատական փոփոխությունների, որի արդյունքում դուք դարձել եք գրադարանային տեխնոլոգիական նորամուծությունների փորձարկողները, տեղայնացնողները և տարածողները:
Անխուսափելի մարտահրավերները, որոնց բախվում եք դուք, ստիպում են օրեցօր կատարելագործվել, կատարելագործել հանրությանը մատուցվող գրադարանային ծառայությունների որակը:
Մեր հանրության արժեբանական առանձնահատուկ վերաբերմունքը գրի ու գրականության, կրթության, մշակույթի և գիտության հանդեպ այսօր վերաիմաստավորվում է:
Սիրելի՛ գրադարանավարներ, ձեր շարունակական և նվիրյալ աշխատանքով, նորամուծությունները յուրացնելու և տեղայնացնելու ջանքերով մերօրյա ընթերցողների համար ավելի մոտ և սիրելի եք դարձնում գրադարանը։
Պետությունն իր անմիջական աջակցությամբ, նոր գործիքակազմի ներդրմամբ նպաստում է գրադարանային աշխատանքի կատարելագործմանը, աշխատակիցների մասնագիտական զարգացմանը, գրադարանների՝ մշտապես նոր գրքերով համալրմանն ու դրանք հանրության լայն շերտերին հասանելիության ապահովմանը։
Շարունակե՛ք նվիրումով աշխատել՝ տարածելով գրքի ու գրականության լույսը։ Մաղթում եմ ձեզ բեղուն գործունեություն և բազում ընթերցողներ»,- ասված է ԿԳՄՍ նախարարի ուղերձում: