Բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուներից մեկը նկատվել է Սիփան և Ծիլքար գյուղերի մերձակայքում

Նախարարությունից տեղեկացնում են, որ ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված են պատասխանատվության միջոցներ:

Բնություն բաց թողնված երեք ազնվացեղ եղջերուներից մեկն օրերս նկատվել է Արագածոտնի մարզի Սիփան և Ծիլքար գյուղերի մերձակայքում, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

Եղջերուն Շրջակա միջավայրի նախարարության և WWF-Հայաստանի կողմից 2022 թվականի հոկտեմբերին «Դիլիջան» ազգային պարկ բաց թողնված կովկասյան ազնվացեղ եղջերուների առաջին խմբի առանձնյակներից մեկն է, որը մինչ բնություն բաց թողնվելը գտնվում էր պարկում կառուցված եղջերուների բազմացման կենտրոնում:

Այն իր առաջին քայլերն է արել բնություն և մենք ունենք Ձեր կարիքը եղջերուի համար ապահով միջավայր ստեղծելու համար:

Ձեր և եղջերուի անվտանգությունն ապահովելու համար խնդրում և հորդորում ենք հետևել ստորև նշված անվտանգության կանոններին`

  • Մի´ մոտեցեք եղջերուին կամ փորձեք դիպչել նրան. պահպանե´ք անվտանգ հեռավորություն,
  • Զե´րծ մնացեք եղջերուին կերակրելուց. այն ունի սննդի իր բնական աղբյուրները,
  • Խուսափե´ք բարձր ձայներից կամ հանկարծակի շարժումներից՝ եղջերուին չվախեցնելու համար,
  • ​​Կենդանուն երթևեկելիս նկատելու դեպքում զգուշացե´ք, նվազեցրե´ք արագությունը՝ վթարներից խուսափելու համար:
  • Իրազեկե´ք այլոց եղջերուների հետ հնարավոր առնչման մասին, որպեսզի նվազագույնին հասցվի մարդու և կենդանու միջև կոնֆլիկտի հավանականությունը:

Նախարարությունից տեղեկացնում են, որ ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված են պատասխանատվության միջոցներ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print