Սյունիքի ղեկավարության ուշադրության կենտրոնում տեղահանված արցախցիներին սեփական տանիքով ապահովելու հարցն է․ մարզպետ

Ըստ Ղուկասյանի՝ տեղահանվածներին տներով ապահովելու դեպքում հնարավոր կլինի նրանց պահել մարզում։

Բռնի տեղահանված արցախցիների 99 տոկոսը նպատակ չունի վերադառնալու ԼՂ, քանի որ վախենում են. ադրբեջանցիներն իրենց համար վտանգ են ներկայացնում։ Այս մասին ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանն ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Նա վստահեցրել է` Սյունիքի ղեկավարությունն ամեն ինչ անելու է, որ արցախցիները հաստատվեն մարզի բնակավայրերում։ Ներկայում քննարկվում է բռնի տեղահանված քաղաքացիների համար Սյունիքում դատարկ մնացած, չբնակեցված տները գնելու տարբերակը։ Ղուկասյանի խոսքով` նման տների գինը տատանվում է 5000-ից մինչև մի քանի տասնյակ հազար դոլարի սահմաններում։

Մարզպետը կարևորել է այն հանգամանքը, որ պետությունը կգնի այդ բնակֆոնդը` որպես պետական սեփականություն, պայմանով, որ 5-10 տարի ապրելուց հետո այդ տները կդառնան Արցախից տեղահանված ընտանիքների սեփականությունը։

Այս տարբերակն առայժմ քննարկման փուլում է, այն դեռ պետք է ներկայացվի ՀՀ կառավարության հավանությանը։ Այս պահին Սյունիքի մարզում դեռ հաշվառում են նման տների, բնակարանների թիվը։ Ըստ Ղուկասյանի՝ տեղահանվածներին տներով ապահովելու դեպքում հնարավոր կլինի նրանց պահել մարզում։

Արցախից բռնի տեղահանված 15 քաղաքացի արդեն ապահովվել է աշխատանքով՝ կրթական և առողջապահության ոլորտներում։

Ռոբերտ Ղուկասյանը հայտնել է նաև, որ Սյունքիում ժամանակավոր բնակվող արցախցիներից շատերը երեխաներին դպրոց դեռ չեն ուղարկում, քանի որ հստակ պատկերացում չունեն, թե որտեղ են ապրելու ժամանակավոր կացարաններից, հյուրանոցներից դուրս գալուց հետո։

Սյունիքի մարզպետը ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը հայտնել է, որ քանի որ առջևում ձմեռ է, ամենաբարդը մնում է ժամանակավոր կացարանների ջեռուցման հարցը։ ՌԴ դեսպանն էլ մարզային ղեկավարության հետ զրույցի ընթացքում վերահաստատել է ռուսական կողմի պարտավորությունը տարածաշրջանում խաղաղության պահպանման համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print