Իսրայելի որոշ գործողություններ խախտում են միջազգային իրավունքը. Ժոզեպ Բորել

«Որոշ գործողություններ, ինչպիսիք են էլեկտրաէներգիայի անջատումը և քաղաքացիական բնակչությանը սննդի մատակարարման դադարեցումը, հակասում են միջազգային իրավունքին»։

Եվրոպական միության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն դեմ է Իսրայելի կողմից Գազայի հատվածի տոտալ շրջափակմանը:

«Իսրայելն իրավունք ունի պաշտպանել իրեն, բայց դա պետք է արվի միջազգային իրավունքին, մարդասիրական իրավունքին համապատասխան։ Իսկ մի շարք որոշումներ հակասում են միջազգային իրավունքին»,- BBC-ի փոխանցմամբ ասել է Բորելը։

Բորելը նման հայտարարությամբ հանդես է եկել ԵՄ արտաքին գործերի նախարարների արտահերթ հանդիպումից հետո: «Որոշ գործողություններ, ինչպիսիք են էլեկտրաէներգիայի անջատումը և քաղաքացիական բնակչությանը սննդի մատակարարման դադարեցումը, հակասում են միջազգային իրավունքին»,- ընդգծել է եվրոպացի պաշտոնյան։

ԵՄ արտաքին գործերի նախարարները երկու կողմերին կոչ են արել հարգել միջազգային մարդասիրական իրավունքը: «Դա նշանակում է, որ Գազայի քաղաքացիական բնակչության համար չպիտի կտրվի ջուրը, սնունդը կամ էլեկտրաէներգիան»,- հավելել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:

Նա ընդգծել է, որ ԵՄ-ն «Համաս» արմատական խմբավորմանը ահաբեկչական կազմակերպություն է համարում, սակայն «ոչ բոլոր պաղեստինցիներն են ահաբեկիչներ»։

«Հետևաբար, կոլեկտիվ պատիժը կլինի անարդար և անարդյունավետ: Դա կհակասեր մեր և աշխարհի շահերին»,- եզրափակել է Բորելը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print