Բաքվին զայրացրել է Արցախի մասով Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությունը

Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ «խստորեն դատապարտում է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի կողմից Ադրբեջանին ուղղված «անհիմն մեղադրանքները»»։

Պաշտոնական Բաքվին զայրացրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հայտարարությունը ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձև ներկայացնելու մասին, որը պայմաններ կստեղծի Արցախ հայերի վերադարձի համար։

«Ադրբեջանը ծրագրել և կազմակերպել է ավելի քան 100 հազար հայերի փախուստը ԼՂ-ից։ Այս ծանր հանցագործությունը չի կարող անպատասխան մնալ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարող է լուծվել բանակցությունների միջոցով. Բաքուն պետք է հասկանա, որ չի կարող գնալ ուժի կիրառման ճանապարհով»,- ասել էր Կոլոննան Սենատում ելույթի ժամանակ։

Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ «խստորեն դատապարտում և մերժում է հոկտեմբերի 11-ին Ֆրանսիայի Սենատում ունեցած ելույթում Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի կողմից Ադրբեջանին ուղղված «անհիմն մեղադրանքները»»։

«Ֆրանսիացի նախարարի այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Ֆրանսիան շահագրգռված է շարունակել իր նենգ քաղաքականությունը տարածաշրջանում»,- ասվում է հայտարարության մեջ։ Բաքուն նաև նշում է, թե «Ադրբեջանի հետ սպառնալիքների և ճնշումների լեզվով խոսելը որևէ արդյունքի չի բերի, և որ նման ապակառուցողական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print