Նա ընդգծել է, որ չի կարելի հանգիստ դիտորդի դերում լինել։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ նման է պահում․
«Վրաստանն առաջինը լքեց մեր ասոցիացիան, հիմա էլ Ուկրաինան մեզ հետ չէ: Մոլդովայի հետ կապված մեծ հարցեր կան: Հայաստանն էլ, ցավոք, միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում»,- ասել է Լուկաշենկոն ԱՊՀ գագաթնաժողովում:
Նա ընդգծել է, որ չի կարելի հանգիստ դիտորդի դերում լինել. «Հակառակ դեպքում մենք ուղղակի կբաժանվենք, և առաջին հերթին կտուժեն հասարակ մարդիկ՝ մեր երկրների ժողովուրդները, ուստի մենք՝ պետությունների ղեկավարներս, պետք է կատարենք մեր ընտրողների կամքը և գոնե լուծենք այն խնդիրները, որոնց լուծումը խոստացել ենք»,- ասել է նախագահը։
Նա նաև նշել է, որ ՍՍՀՄ–ում ծնված և մեծացած գործիչների ներկայիս սերունդն է, որ պետք է լուծի ԱՊՀ առջև ծառացած խնդիրները․ «Մենք ունենք փորձ և գիտելիք: Այսօրվա երիտասարդությունը դժվար թե կարողանա հաղթահարել դրանք: Նրանցից շատերն այլևս բան չեն հասկանում մեզ միավորող արժեքներից ու օգուտներից, որոնք հիմա էլ միավորում են մեզ», – ասել է Լուկաշենկոն՝ հավելելով․ «Եկեք դա իրականացնենք, և մեզ կրկին կմիանան նրանք, ովքեր այսօր իրենց խնդիրների լուծումը տեսնում են ինչ-որ տեղ՝ արտասահմանում, իսկ այնտեղ, ընդհանուր առմամբ, քիչ են պատկերացնում, թե որտեղ են գտնվում մեր երկրները»։