Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմանում, Գուգարք բնակավայրի բնակարաններից մեկում է գտնվում ենթադրյալ կասկածյալը:
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 01:50-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Վանաձոր» բժշկական կենտրոնից, որ որովայնի շրջանի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ վիրավորը Արցախի Հանրապետության քաղաքացի, Լոռու մարզում ժամանակավորապես բնակվող 40-ամյա Վլադմիրի Մ.-ն է:
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմանում, Գուգարք բնակավայրի բնակարաններից մեկում է գտնվում ենթադրյալ կասկածյալը, որի հետ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, և ոստիկաններն ու պարեկները նրան, ով Արցախի Հանրապետության քաղաքացի, 27-ամյա Արթուր Մ.-ն է, հայտնաբերել են և նշված արարքը կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով տեղափոխել Ոստիկանության Գուգարքի բաժին:
Կարճ ժամանակ անց Արթուր Մ.-ն խոստովանել է, որ ինքն է դանակահարել տղամարդուն: Նրա տաբատի գրպանում հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը: Նա ոստիկաններին հայտնել է նաև, որ այդ դանակով է հարվածել, սակայն չի հիշում քանի անգամ: Արթուր Մ.-ն Ոստիկանության Գուգարքի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ «առողջությանը ծանր վնաս պատճառելու» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վլադմիրր և Արթուր Մ.-երը հարազատ եղբայրներ են: