Իրանը զգուշացնում է Իսրայելին

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը վերահաստատել է Պաղեստինի ժողովրդին աջակցելու երկրի անսասան հանձնառությունը՝ նշելով, որ Իրանը երբեք զիջումների չի գնա Պաղեստինի վերաբերյալ իր սկզբունքների և արժեքների հարցում, հայտնում է IRNA-ն։

Իրանի արտգործնախարարը Դոհայում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի և այս շարժման այլ առաջնորդների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Պաղեստինի հարցը մինչ օրս համարվում է իսլամական աշխարհի ամենակարևոր հարցը։

Նա զգուշացրել է, որ եթե Իսրայելը շարունակի ռազմական հանցագործություններ կատարել, դա կարող է անկանխատեսելի արդյունքների հանգեցնել տարածաշրջանում։ Նա խոստացել է, որ Իրանը կանի հնարավոր ամեն բան այդ գործողությունները դադարեցնելու համար։

Հանիեն երախտագիտություն է հայտնել Իրանի Գերագույն առաջնորդի, նախագահի և ժողովրդի ցուցաբերած աջակցության համար։

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը հայտարարել է, որ «Ալ-Աքսայի փոթորիկ» գործողությունը զգալի հարված հասցրեց Իսրայելին և բացահայտեց նրա թուլությունը։

Ավելի ուշ Աբդոլլահյանը Al-Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ իրանական կողմը Սիոնիստական ​​ռեժիմի կողմնակիցների միջոցով հայտնել է, որ եթե Գազայի հատվածում [Իսրայելի կողմից պաղեստինցիների դեմ-խմբ] հանցագործությունները չդադարեն, վաղը շատ ուշ կլինի:

«Մենք հուսով ենք, որ քաղաքական ջանքերը կկանխեն պատերազմի տարածումը, այլապես ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի առաջիկա մեկ ժամում»,- զգուշացրել է իրանցի նախարարը։
Նրա խոսքով, եթե ԱՄՆ-ն ու Իսրայելը չդադարեցնեն այս քաղաքականությունը, ռազմական գործողությունների մասշտաբները կընդլայնվեն։

«Շարունակվող ագրեսիան և քաղաքական լուծման բացակայությունը միայն կրակի վրա յուղ են լցնում, և իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print