Արցախի ընդդիմադիր և իշխող խմբակցությունները ԱՀ նախագահի հրամանագիրը չեղարկելու հարցով խորհրդակցություններ չեն ունեցել

«Ազատ հայրենիք» կուսակցության պատգամավոր Արամ Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ նախագահի հրամանագիրը չեղարկելու հարցով առայժմ որևէ խորհրդակցություն չի կայացվել

Արցախի ընդդիմադիր և իշխող խմբակցությունները խորհրդակցություններ չեն անցկացրել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հրամանագիրը չեղարկելու հարցով։

NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ այդ հրամանագրի չեղարկման շուրջ պետք է բավականին լուրջ մասնագիտական քննարկումներ տեղի ունենան, պետք է տրվեն ճիշտ իրավական գնահատականներ․

«Գուցե կան այլ բազմաթիվ կառույցներ, որոնք օրեր շարունակ զբաղվո՞ւմ են այդ հարցով, սակայն հասկանալի պատճառներով չե՞ն բարձրաձայնում»,- նշեց պատգամավորը։

Նա շեշտեց, որ հրամանագիրը չեղարկելու բազմաթիվ հնարավորությունները կան․ «Օրինակ՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր էր ստորագրել, որով արգելվում էին մինչև 2023 թվականի մարտի 1-ը ՏԻՄ ընտրություննոր անցկացնել, կարճ ժամանակ անց այդ նույն հրամանագիրն մեկ այլ հրամանագրով չեղարկվեց և Արցախում տեղի ունեցան ընտրություններ։ Իրավական գիտակցություն ունեցող անձինք հասկանում են այդ թղթի շուրջ իրականությունն ինչպիսին է։ Ինձ համար Արցախի հարցը փակված չէ, պայքարը կա ու շարունակվելու է։ Հիմա պետք է զուսպ լինել հաշվի առնելով այն, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն այժմ գերեվարված է։ Յուրաքանչյուր քայլերով պետք է չափել՝ իրենց վնասո՞ւմ, թե՞ օգուտ ենք տալիս»։

Անդրադառնալով ԱՀ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, որ Շահրամանյանի ստորագրած փաստաթղթի չեղարկման հնարավորություն կա, և դա իրականացնող լեգիտիմ մարմինը Արցախի  ԱԺ-ն է, Մետաքսե Հակոբյանն ասաց․

«Մտքի փայլատակումները գուցե իր համար են նորություն, մնացած մասով առ այսօր մենք որև առաջարկ չենք ստացել, Սամվել Բաբայանի հայտարարության մասին էլ մամուլից ենք լսել։ Նա լիազորված չէ բոլորի անունիս հայտարարություններ անելու։ Հետևաբար ինչ ուզում է թող հայտարարի իր անունից։ Եթե նման բան կազմակերպվեր, մենք տեղյակ կլինեինք։ Նա իրատեսական բան չի ասում, բացի նմանատիպ հայտարարություններ անելուց։ Արցախի ընդդիմությունը շատ լավ է հասկանում այդ հրամանագիրը, որը նույնիսկ փաստաթուղթ էլ չի, որ այդքան լրջացնել։ Վստահ եմ, որ այդ փաստաթղթով չի կարող որևէ բան տեղի ունենալ, և դրանից քաղաքակա դիվիդենտներ կարողանան հավաքել ու զուգահեռ դրան ընդդիմությանը մեղադրել»։

«Ազատ հայրենիք» կուսակցության պատգամավոր Արամ Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ նախագահի հրամանագիրը չեղարկելու հարցով առայժմ որևէ խորհրդակցություն չի կայացվել․

«Այժմ Սամվել Բաբայանի խմբակցության ներկայացուցիչ Բաղունցը ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է, և կարող է նման քննարկումներ անցկացնել։ Այսինքն՝ ոչ պաշտոնական տեսակետներ փոխանցվել են, բայց դեռևս պաշտոնական քննարկում չի եղել, գուցե լինի առաջիկայում։ Կարծում եմ՝ ինքնանպատակ պետք չէ դիտարկել նման հայտարարությունները, այլ պետք է ամբողջական ռազմավարություն ունենալ, այսինքն՝ դրան հաջորդող քայլերը պետք է հասկանալ, հասկանալ՝ արդյո՞ք դա իրատեսական է, պետք է հստակ ծրագիր լինի։ Եթե լինի ճանապարհ, ապա կարելի է տակտիկական քայլեր կազմել և առաջ շարժվել։ Պետք է լինի ամբողջական փաթեթ»։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր էր ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին, համաձայն որի մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարվելու է գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները եւ Արցախի Հանրապետությունը դադարելու է գոյություն ունենալ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print