Ըստ ՔԿ-ի, Տիգրան Ուրիխանյանն իր «Ֆեյսբուք» սոցիալական էջում ու յութուբյան ալիքում տեսագրություն է հրապարակել, որտեղ մասնավորապես ասվում է՝ «…կոչ եմ անում պատրաստվել, դուրս գալ փողոց ու ցխել սրանց սաղին»։
«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ քրեական վարույթ է նախաձեռնել «Հանրային ձայն» կուսակցության ցուցակով Երեւանի ավագանու անդամ ընտրված «Ալյանս» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ` ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու առերեւույթ հրապարակային կոչ հնչեցնելու դեպքի առթիվ: Ըստ ՔԿ-ի, Տիգրան Ուրիխանյանն իր «Ֆեյսբուք» սոցիալական էջում ու յութուբյան ալիքում տեսագրություն է հրապարակել, որտեղ մասնավորապես ասվում է՝ «…կոչ եմ անում պատրաստվել, դուրս գալ փողոց ու ցխել սրանց սաղին»։ Սա Քննչական կոմիտեն դիտարկել է՝ ոչ ավել, ոչ պակաս որպես իշխանությունը զավթելուն ու սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչ:
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ վերոնշյալ գործը փոխանցվել է Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ): Իսկ թե ի՞նչ փուլում է եւ արդյոք կա առաջադրված մեղադրանք, «Իրավունք»-ի հարցմանն ի պատասխան ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավար Վահե Ենգիբարյանը տեղեկացրեց հետեւյալը. «ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթը փոխանցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչություն: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։