Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձ)։ Նախաքննությունը շարունակվում է:
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակի նստավայրի մոտ 54-ամյա տղամարդու ուղղությամբ կրակել է Երևանի 40-ամյա բնակիչը։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Տղամարդն այս գիշեր` ժամը 01:30-ին, ներկայացել է ոստիկանություն` միաժամանակ ներկայացնելով հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը` փամփուշտներով:Վերջինս ներկայացվել է քննչական բաժին։ Հոկտեմբերի 18-ին ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի բակում կրակոցներ են հնչել։ Մեկ անձ բուժօգնության է դիմել։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ տղամարդը ժամը 15:40-ին «աջ կրծքավանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է ընդունվել։ Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ և 1 գնդակ: Պարզվել է նաև, որ կրակոցների հետևանքով վնասվել է դատարանի մոտ կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան:
Առգրավվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, ինչպես նաև՝ վիրահատական միջամտության արդյունքում վերջինիս աջ արմնկահոդից դուրս բերված գնդակը։
Նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատաձգաբանական, դատահետքաբանական և այլ փորձաքննություններ: ՔԿ–ից նաև տեղեկացնում են, որ տուժողի հետ անհրաժեշտ քննչական գործողությունները հնարավոր չի եղել իրականացնել առողջական վիճակի պատճառով:
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձ)։Նախաքննությունը շարունակվում է: