Ընդհանուր առմամբ այստեղ բնակվելու և աշխատելու է մոտ 44 հազար մարդ, և հարևանությամբ գտնվող համայնքային կամ մասնավոր սեփականության հողերի վրա անկանոն շինարարությունից խուսափելու նպատակով ձևավորվելու է ավելի ծավալուն տարածքի զարգացման պլան:
Կառավարությունը հաստատեց «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը:
«Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրիրը հաստատելու մասին» օրենքով նախատեսվում է, որ պետք է ստեղծվի «Ակադեմիական քաղաք»՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական միջավայր: Ակադեմիական քաղաքի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է լավագույն ստանդարտներին համահունչ և միջազգայնորեն մրցունակ բարձրագույն կրթություն և գիտություն ունենալու, ինչպես նաև այս երկու ոլորտներն արդյունավետ ինտեգրելու նպատակներով»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա ընդգծեց, որ բուհական կրթության մեջ հետազոտական բաղադրիչի ավելացումը կապահովի գիտելիքի և հմտությունների ձեռքբերումն ու ամրապնդումը կիրառության մեջ և իրական համատեքստում:
«Ակադեմիական քաղաքը» նաև երաշխավորելու է ձեռք բերված գիտելիքի լավագույն կիրառությունը՝ ապահովելով հետազոտությունների գերազանցության, կիրառական արդյունքների հայտնաբերման, զարգացման և դրանց փոխանցման նորարարական գործունեության խթանման և մտավոր սեփականության պաշտպանության սկզբունքները՝ այդպիսով ծառայելով հանրությանը: Միաժամանակ ապահովելու ենք հանրային և մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ ստեղծվող գիտելիքի տեխնոլոգիաների և նորարությունների ներդրումը»,- նշեց նախարարը:
Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ «Ակադեմիական քաղաք» ծրագիրն իրականացնելու նպատակով ապրիլի 21-ին ստեղծվել էր «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը: «Աշխատանքների հետագա հստակեցման ու կանոնակարգման նպատակով էլ այսօր ներկայացնում ենք հայեցակարգը: Հայեցակարգով էլ սահմանվում են «Ակադեմիական քաղաք» ստեղծելու նպատակներն ու խնդիրները, Ակադեմիական քաղաքի կլաստերները, ուսանողների, դասախոսների, գիտնականների ու վարչական աշխատողների նախատեսվող թիվը, այն ենթակառուցվածքները, որոնք պետք է ապահովվեն «Ակադեմիական քաղաքում» և այլ պահանջներ»,- նշեց նա:
Ակադեմիական քաղաքի ֆիզիկական տեղադիրքի համար նախատեսվում են երկու տեղամասեր՝ Երևան քաղաքի 17-րդ թաղամասին հարող տարածքը, որի գերակշռող մասը պետական կամ համայնքային սեփականություն է, և Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը, որոնց գումարային մակերեսը կազմում է շուրջ 700 հեկտար, ընդ որում՝ հիմնական տեղամասը լինելու է 17-րդ թաղամասին հարող տարածքը: «Հայֆիլմի» տարածքին անդրադառնալու ենք այն պարագայում, երբ որ գլխավոր հատակագծով դրա կարիքը լինի: Ակադեմիական քաղաքի տարածքները նախատեսվելու են այն տրամաբանությամբ, որ հնարավորություն ունենան ֆիզիկապես տեղակայելու մինչև 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչև 8 պետական խոշորացված բուհեր և մինչև 8 մասնավոր կամ միջազգային բուհեր»,- ասաց նա:
Ընդհանուր առմամբ այստեղ բնակվելու և աշխատելու է մոտ 44 հազար մարդ, և հարևանությամբ գտնվող համայնքային կամ մասնավոր սեփականության հողերի վրա անկանոն շինարարությունից խուսափելու նպատակով ձևավորվելու է ավելի ծավալուն տարածքի զարգացման պլան:
Ստեղծվելու են ամբողջությամբ նոր ենթակառուցվածքներ, որոնք վերաբերելու են ուսումնական հաստատություններին, հետազոտական կենտրոններին, արտադրական, փորձարարական կենտրոնների շենքային ենթակառուցվածքներին, գյուղական նշանակության փորձարարական վարելահողերին, լինելու է հանրակացարանային կամ բնակելի թաղամաս, բազմաֆունկցիոնալ տրանսֆորմեր համերգասրահ՝ կինոթատրոնի և թատրոնի բաղադրիչներով, տարբեր մարզաձևերի համար նախատեսված դահլիճներ, բուհական սպորտային ակումբերի գործունեության և առողջ ապրելակերպի անհրաժեշտ կենսապայմանների համար, նախատեսվում է այստեղ ունենալ ազգային ստադիոն՝ մինչև 35 հազար հանդիսատեսի հնարավորությամբ, ջրային ավազաններ, տրանսպորտային համակարգ, ավտոկայանատեղիներ և մնացած բոլոր ենթակառուցվածքները»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ արդեն կան համագործակցության պայմանավորվածություններ միջազգային հեղինակավոր ճարտարապետական GMP կազմակերպության և կառուցապատող ընկերությունների հետ: Արվեստների կլաստերի բովանդակության հետ կապված արդեն իսկ պլանավորված համագործակցություն կա Լոնդոնի Արվեստների համալսարանի հետ:
Անդրեասյանը հայտնեց, որ ժամանակացույցը երեք փուլ է ունենալու՝ նախագծման փուլ, որը կսկսվի հոկտեմբերից և ավարտին կհասցվի 2025 թվականի սեպտեմբերին, կառուցման փուլ, որը սկսելու է 2025 թվականի հոկտեմբերից և, նախնական գնահատմամբ, կավարտվի 2029 թվականի դեկտեմբերին: «Սակայն այնպես ենք պլանավորել, որ միջանկյալ ժամանակահատվածում կլաստերների հանգուցային կառույցների փուլային հանձնում ունենանք և սպասարկման փուլ, որն ամբողջ ծավալով կսկսվի 2030 թվականի հունվար ամսից»,- ասաց նա:
«Այսպիսով՝ մենք թևակոխում ենք «Ակադեմիական քաղաքի» ստեղծման գործնական փուլ»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայեցակարգը, իհարկե, վաղուց է շրջանառության մեջ, այն մի քանի անգամ տարբեր ֆորմատներով քննարկել ենք և եկել ենք վերջնական այնպիսի եզրակցությունների, որոնք հայեցակարգի մեջ նշված են: Առաջիկայում պայմանագիր կստորագրենք ճարտարապետական ընկերության հետ, որը Հայաստանի Ճարտարապետաշինարարական համալսարանի հետ համատեղ կսկսի նախագծման աշխատանքները, և այս պահին էլ արդեն տեղում աշխատանքներ իրականացվում են՝ գեոդեզիական աշխատանքներ, հաշվարկվում են ենթակառուցվածքները, ջրային ռեսուրսները ինչպես պետք է տեղափոխվեն և այլն»,- նշեց վարչապետը:
Նրա խոսքով՝ «Ակադեմիական քաղաքը» պետք է լինի ոչ միայն ուղղակի համալսարանների և ուսանողների հավաքատեղի, այլև պետք է իր ճարտարապետական, քաղաքաշինական լուծումներով խոսք բերի իր հետ և նաև ինտելեկտուալ ժամանցի հաճելի վայր դառնա ՀՀ բնակիչների և օտարերկրյա զբոսաշրջիկների և այցելուների համար: