Երևանում այսօր՝ հոկտեմբերի 19-ին, կայացել է ՀԱՊԿ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 87-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել է ԱՊՀ անդամ պետությունների արտաքին սահմաններին տիրող իրավիճակը և սահմանների հավաքական անվտանգության ապահովման համակարգի ձևավորման աշխատանքների արդյունքները։
Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։
Հաղորդվում է, որ հանդիպմանը ներկա են գտնվել ԱՊՀ անդամ պետությունների սահմանապահ գերատեսչությունների պատվիրակությունները և Համագործակցության իրավասու մարմինների և միջազգային կազմակերպությունների աշխատանքային կառույցների ղեկավարները։
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, նիստին «Կազմակերպության պատասխանատվության գոտում ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների և դրանց չեզոքացման միջոցառումների մասին» թեմայով ելույթով հանդես է եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։ Նա նաև երախտագիտություն է հայտնել ՀԱՊԿ անդամ երկրների սահմանապահ գերատեսչություններին ՀԱՊԿ ձևաչափով իրականացվող հատուկ գործողությունների արդյունավետության բարձրացման գործում իրենց մասնակցությամբ ներդրած ավանդի համար։