Վրաստանի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում տարածաշրջանում միջուկային զենքի հնարավոր կիրառմանը նախապատրաստվելու համար։ Այս մասին խորհրդարանում փակ լսումներից հետո լրագրողներին ասել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության պետ Գրիգոլ Լիլուաշվիլին: Այս մասին գրում է kommersant.ru-ն:

«Ներկայիս մարտահրավերները չեն բացառում միջուկային զենքի օգտագործումը տարածաշրջանում, ուստի մենք պետք է զգույշ և խելամիտ քաղաքականություն վարենք»,- ասել է Լիլուաշվիլին՝ ակնհայտ նկատի ունենալով Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, ինչպես նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում։

Պետանվտանգության ծառայության ղեկավարի խոսքով՝ Վրաստանի կառավարությունը «միջուկային պատերազմի դեպքում հատուկ ծրագիր է մշակել», ըստ որի՝ «յուրաքանչյուր գերատեսչության համար նախատեսված է սցենար և գործողությունների ծրագիր»։ Մասնավորապես, Առողջապահության նախարարությունը «արդեն կազմել է դեղերի ցանկը», որոնք կբաշխվեն բնակչության շրջանում միջուկային պատերազմի ժամանակ, ինչպես նաև սահմանել է տուժածների շտապ բժշկական օգնության ալգորիթմ։

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մտավախություն է հայտնել, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պատերազմը կարող է վերաճել համաշխարհային պատերազմի կամ «կարճ հակամարտություն տարածաշրջանային տերությունների կողմից միջուկային զենքի կիրառմամբ՝ մեծ միջուկային տերությունների միջամտության հեռանկարով»: Նա սպառնացել է, որ Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի, եթե նրա տարածքի մի մասը «խլվի»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print