Պայթյուն և փլուզում՝  Երևանի բացօթյա սրճարաններից մեկում

Պայթյունի հետևանքով կան տուժածներ։

Հոկտեմբերի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» զբոսայգում գործող կիսաբացօթյա սրճարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ: Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարները, «Գազպրոմ Արմենիա», «Տրանս գազ» և Երևանի ԳԳՄ-ի ու 1-04 վթարային ծառայության ներկայացուցիչները: Նշված վայրից շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը 3 հոգու նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել, ապա 2-ին տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ մեկին՝ «Արմենիա» բԺշկական կենտրոն:

Տարածքը պարեկները սահմանազատել են: Ըստ նախնական տեղեկությունների՝ կիսաբացօթյա սրճարանի խոհանոցային և արտաքնոցի հատվածում պայթյուն է տեղի ունեցել և փլուզում: Առաստաղի բավականին հատված փլուզվել է, կոտրվել են պատուհաններ և գույքի մի հատված վնասվել է: Տարածքը գազաֆիկացված չէ, ինչն էլ թույլ է տալիս ենթադրել, որ պայթյունը գազից չի առաջացել: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print