Կրեմլի կարծիքով՝ այս աշխարհակարգը պետք է զերծ լինի կառավարման բոլոր մեխանիզմները մեկ պետության ձեռքում կենտրոնացնելու, իր կամքն ու որոշումները այլ երկրներին պարտադրելու փորձերից։
Կրեմլն աջակցում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանն այն մասին, որ աշխարհին նոր կարգ է պետք, սակայն Մոսկվան համաձայն չէ, որ այդ աշխարհակարգ կարող է կառուցել Վաշինգտոնը։ Այս մասին, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք միանգամայն համաձայն ենք պարոն Բայդենի հետ: Սա հազվադեպ դեպք է, երբ մենք միանգամայն համաձայն ենք նրա ասածների հետ: Իրոք, աշխարհին անհրաժեշտ է նոր աշխարհակարգ՝ հիմնված բոլորովին այլ սկզբունքների վրա», – ասել է Պեսկովը:
Կրեմլի կարծիքով՝ այս աշխարհակարգը պետք է զերծ լինի կառավարման բոլոր մեխանիզմները մեկ պետության ձեռքում կենտրոնացնելու, իր կամքն ու որոշումները այլ երկրներին պարտադրելու փորձերից։
«Հակառակը, պետք է լինի աշխարհակարգ՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, և ոչ թե «կանոնների», հիմնված փոխադարձ հարգանքի, փոխշահավետության, միմյանց ներքին գործերին չմիջամտելու և այլնի վրա», – հավելել է Պեսկովը:
Սակայն, շարունակել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, Կրեմլը համաձայն չէ Բայդենի հետ նրա հայտարարության մեկ այլ հատվածում։ «Պարոն Բայդենը ևս մեկ արտահայտություն արեց. «ԱՄՆ-ն ի վիճակի է կառուցել նման աշխարհակարգ»: Այստեղ, այս մասով, մենք համաձայն չենք»,- ընդգծել է նա։