Կապանցի 2 տղամարդու հրազենային վնասվածքներ պատճառած երիտասարդը կալանավորվել է

Նախաքննությունը շարունակվում է:

Կապանցի երկու տղամարդու հրազենային վնասվածքներ պատճառած երիտասարդը կալանավորվել է:

Հայտնում է ՀՀ Ոստիկանությունը:

Հոկտեմբերի 23-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի հրազենային գնդակային թափանցող վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կապան քաղաքի 38-ամյա մի բնակիչ:

Րոպեներ անց հիվանդանոցից հաջորդ ահազանգն է ստացվել. «վերին վերջույթների հրազենային գնդակային շոշափող վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 40-ամյա տղամարդ՝ դարձյալ Կապանի բնակիչ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 23-ի ժամը 23.30-ի սահմաններում Սյունիքի մարզի Տաթև համայնքի վարչական տարածքում հիվանդանոց տեղափոխվածները հանդիպել են 40-ամյա տղամարդու ծանոթին, հենց նա էլ իր մոտ ապօրինի պահվող հրազենից, դեռևս չպարզված պատճառով, կրակել է կապանցի տղամարդկանց «Honda CRV» մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով նրանք ստացել են մարմնական վնասվածքներ:

Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Գորիսի բաժնի, ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության և ԱԱԾ Գորիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է հրազենային վնասվածքներ պատճառողի ինքնությունը: Հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում նրա հալիձորցի մտերիմը ոստիկանության Գորիսի բաժին է ներկայացրել «ԱԿՍ 74-ՈՒ» տիպի ինքնաձիգ և հայտնել, որ նշված ինքնաձիգից է կրակոցն արձակվել:

Ժամը 04.42-ին 32-ամյա տղամարդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Գորիսի բաժին և խոստովանել կատարածը:

Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Գորիսի քննչական բաժին:

32-ամյա տղամարդը կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print