ԶՊՄԿ-ն՝ կրկին առաջատար

2023թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին պետբյուջե է վճարվել շուրջ 1 տրլն 267 մլրդ ՀՀ դրամ հարկ։

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջե, ընդհանուր առմամբ, վճարվել է շուրջ 1 տրլն 267 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17%-ով։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ-ը։

2023թ.-ի առաջին 9 ամսում հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է շուրջ 967 մլրդ 677 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 299 մլրդ 235 մլն դրամ։

Խոշոր հարկատուների ցանկը կրկին գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը (ԶՊՄԿ)՝ 52.4 մլրդ դրամ պետական բյուջե վճարված հարկերով:

Գեոպրոմայնինգ ընկերությունների խմբի մյուս երկու ընկերություններից «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը հայտնվել է 85-րդ հորիզոնականում՝ 2․8 մլրդ դրամ, իսկ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն իր 2․2 մլրդ դրամ վճարած հարկերով զբաղեցնում է 102-րդ հորիզոնականը։

Այսպիսով՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին Գեոպրոմայնինգ ընկերությունների խումբն իր կազմում գտնվող երեք ընկերություններով վճարել է 57․5 մլրդ դրամ կամ շուրջ 145 միլիոն դոլար հարկ։

Երկրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա»-ն է, որին հաջորդում է «Գրանդ Տոբակո»-ն՝ համապատասխանաբար 39.5 և ավելի քան 31 մլրդ դրամ պետական բյուջե վճարված հարկերով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print