ԼՂ-ից ՀՀ մուտք գործելուց հետո մինչև հոկտեմբերի 25-ը կայացրած բոլոր տուգանքները կբեկանվեն. ՆԳ նախարարի տեղակալ

Հետևապես մեր հայրենակիցները որևէ խնդրի առջև չեն կանգնի մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ կայացված վարչական պատասխանատվության միջոցների մասով։

Կառավարության նիստից հետո լրագրողները ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանից հետաքրքրվեցին, թե արդյոք ԼՂ-ից եկած քաղաքացիները չեն կարող այստեղ աշխատանքի անցնել պարեկային ծառայությունում։

«Պետք է կարողանա ստանալ ՀՀ քաղաքացիություն, որովհետև օրենսդրական պահանջներն այդպիսին են. դրանից հետո արդեն առանց որևէ խոչընդոտի կարող է աշխատել»,- ասաց Արփինե Սարգսյանը։

Իսկ կապույտ անձնագիրը, ՆԳ նախարարի տեղակալի խոսքով, տրամադրվել է ԼՂ մեր հայրենակիցներին որպես ճամփորդական փաստաթուղթ, որպեսզի տարածքից դուրս գալու հետ կապված որևէ խնդիր չառաջանա։ «Ուզում եմ նշել, որ կապույտ անձնագրերը քաղաքացիությունը հաստատող փաստաթղթեր չեն։ Սա ամրագրված է նաև Եվրոպական դատարանի վճիռներով»,- ասաց նա։

Խոսելով վարչական իրավախախտումների համար ԼՂ մեր հայրենակիցներից գանձվող տուգանքների մասին՝ նա նշեց, որ, հաշվի առնելով տեղահանման փաստն ինքնին և մեր հայրենակիցների հուզական վիճակը, ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով տարբեր դրսևորումները և երթևեկության կանոններին ոչ այնքան լավ տիրապետելը՝ որոշում է կայացվել, որ ՀՀ մուտք գործելուց հետո մինչև երեկ՝ հոկտեմբերի 25-ը կայացրած վարչական պատասխանատվության բոլոր որոշումները՝ բոլոր տուգանքները, ըստ էության, օրենքի շրջանակներում կբեկանվեն ոստիկանության պետի համապատասխան հրամանի շրջանակներում։ «Հետևապես մեր հայրենակիցները որևէ խնդրի առջև չեն կանգնի մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ կայացված վարչական պատասխանատվության միջոցների մասով»,- ընդգծեց ՆԳ նախարարի տեղակալը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print