Անկարան չի համարում ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն

Թուրքիայի ԱԳ նախարարը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ազատագրական խմբավորում է։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չի համարում ահաբեկչական կազմակերպություն, սակայն դա չի նշանակում, որ Անկարան խրախուսում է անմեղ մարդկանց սպանությունները։

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ այս մասին Ֆիդանը հայտարարել է Անկարայում իր դանիացի պաշտոնակցի հետ համատեղ ճեպազրույցում։

Ավելի վաղ նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ շեշտելով, որ Անկարան չի համարում ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն, այլ կարծում է, որ այն ազատագրական խմբավորում է։

«Մի շարք երկրներ, օրինակ, YPG-ն և FETÖ-ն (քուրդ զինյալների և քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների կազմակերպությունները, որոնց հետ Անկարան կապում է 2016 թվականի հեղաշրջման փորձը — խմբ.) չեն ճանաչում որպես ահաբեկչական կազմակերպություններ, մինչդեռ մենք համարում ենք ահաբեկչական։ Մենք Պաղեստինի քաղաքական համակարգի մաս կազմող ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն չենք համարում, բայց դա չի նշանակում, որ ընդունում ենք անմեղ մարդկանց մահը, մենք դատապարտում ենք այն հակամարտության սրման հենց սկզբից», — ասել է Ֆիդանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print