Ռուսական զորքերը անօդաչուներով հարվածներ են հասցրել Ուկրաինային

Անօդաչուների հարձակման հետևանքների մասին ուկրաինական գլխավոր շտաբը դեռևս ոչինչ չի հայտնել։

Ռուսական զորքերը նոյեմբերի 3-ի գիշերը իրանական արտադրության Shaheed անօդաչուներով զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինային։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի առավոտյան տեղեկագրում ասվում է, որ Ուկրաինայի տարածքի ուղղությամբ արձակվել է 38 անօդաչու, որից 24-ը խոցվել է։

Ուկրաինայի զինված ուժերում նաև հայտնել են, որ խոցել են ռուսական X-59 հրթիռ։ Անօդաչուների հարձակման հետևանքների մասին ուկրաինական գլխավոր շտաբը դեռևս ոչինչ չի հայտնել։

Խարկովի մարզի ոստիկանությունը հայտնել է, որ ռուսական 10 անօդաչուները հարձակվել են մարզի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան: Անօդաչուների ընկնելու հետևանքով այրվել են ավտոտնակներ և ավտոմեքենաներ, վնասվել են տնտեսական նշանակության շինություններ։

Ոստիկանությունը հավելել է, որ անօդաչուն ընկել է ուսումնական հաստատություններից մեկի վրա։ Շենքում հրդեհ է առաջացել, ավերվել է երկու հարկ և շենքի տանիքը։ Հրդեհներ են տեղի ունեցել նաև բնակելի և վարչական շենքերում: Ոստիկանությունում նշել են, որ բոլոր հրդեհները մեկուսացված են։

Անօդաչուների հարձակման մասին հայտնել են նաև Լվովի մարզային իշխանությունները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print