Ինչ վերաբերում է Հայաստանի դեմ հնարավոր հարձակման դեպքում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցին՝ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը հույս է հայտնել, որ էսկալացիա տեղի չունենա տարածաշրջանում։
Գերմանիան պաշտպանում է ՀՀ տարածքային ամբողջականությունը և կարող է անվտանգության հարցերում աջակցել Հայաստանին։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, Երևանում ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը։
Նրա խոսքով՝ Գերմանիան ցանկանում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար պայմաններ ստեղծել բանակցային սեղանի շուրջ։
«Գերմանիան պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սա հիմքն է բոլոր խաղաղությանը միտված բանակցությունների»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը։
Բերբոքը կարևորել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը։
Ինչ վերաբերում է Հայաստանի դեմ հնարավոր հարձակման դեպքում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցին՝ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը հույս է հայտնել, որ էսկալացիա տեղի չունենա տարածաշրջանում։ Հարցին ի պատասխան՝ նա կրկնել է, որ Գերմանիան պաշտպանում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
«Գերմանիան կարող է անվտանգության հարցերում աջակցել Հայաստանին և համագործակցել նրա հետ։ Այդ մասին մենք մտքեր ենք փոխանակել, որպեսզի ՀՀ-ն կարողանա պաշտպանել իր անվտանգությունը, և որպեսզի ամուր ժողովրդավարություն հաստատվի Հայաստանում»,- ասել է Անալենա Բերբոքը։
Անդրադառնալով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը՝ նա նշել է, որ Գերմանիան «ցանկանում է հասնել նրան, որ այս առաքելությունն ընդլայնվի»։
Բերբոքը նաև Գերմանիայի պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Հայաստանին՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց օգնություն ցուցաբերելու համար։
«Մեր հիշողությունների մեջ դեռ թարմ են այն պատկերները, որոնք տեսանք՝ Լաչինի միջանցքով մարդկանց հոսքը դեպի Հայաստան, ընտանիքներ, որոնք լքում էին իրենց հայրենիքը՝ անվտանգությունից ելնելով։ Հայաստանի կառավարության համար մեծ մարտահրավեր էր ԼՂ-ից տեղահանվածներին ընդունելը։ Մենք ձեզ այս հսկայական առաջադրանքի մեջ մենակ չենք թողնի։ 2022-ից հետո մենք մեծ աջակցություն ենք ցուցաբերել ՀՀ կառավարությանը և հավելյալ 9,3 մլն եվրո հումանիտար օգնություն կտրամադրենք Հայաստանին այս մարտահրավերները լուծելու համար»,- հայտարարել է Գերմանիա ԱԳ նախարարը։