Կան անհետ կորածներ, իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ:
«Կիարան» փոթորիկը, որը ձևավորվել է Ատլանտյան օվկիանոսում, հարվածել է Արևմտյան Եվրոպային, զոհերի թիվը հասել է 12-ի: Նոյեմբերի 2-ի գիշերը տարերքն արդեն ուժեղ ջրհեղեղներ ու փոթորիկներ է առաջացրել Հյուսիսային Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, գրում է DW-ն:
Անգլիայի հարավային ափին փակվել են հարյուրավոր դպրոցներ, իսկ Դևոնում 6000 տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրամատակարարման: Մեծ Լոնդոնի շրջանի երկաթուղային ընկերությունները բնակիչներին կոչ են արել հրաժարվել ոչ պարտադիր ուղևորություններից: Ընդհատվել է Դուվրի և Կալեի միջև լաստանավային կապը։
Մոտ 1,2 միլիոն տնային տնտեսություն էլ առանց էլեկտրականության է մնացել Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում, փոթորկից երկու մարդ է զոհվել, տասնյակ հազարավորները զրկվել են բջջային կապից, տապալված ծառերը փակել են բազմաթիվ ճանապարհներ և երկաթուղային գծեր։ Ավելի քան 1300 մարդ տարհանվել է: Ֆրանսիայի 20-ից ավելի դեպարտամենտում վտանգի բարձր մակարդակ է սահմանվել, հայտնում է dpa-ն՝ հղում անելով Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենին։
Աղետից շատ զոհեր են եղել Իտալիայում, հորդառատ անձրևների ու ջրհեղեղների պատճառով հինգ մարդ է մահացել Տոսկանայում: Կան անհետ կորածներ, իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ:
Զոհեր կան նաև Բելգիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Իսպանիայում: