Պետք է հստակեցվի սահմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև, հրապարակայնորեն հաստատվի ՀՀ-ի դեպքում 29800 քառակուսի կիլոմետր տարածքը, իսկ Ադրբեջանի դեպքում՝ 86600-ը:
ՀՀ-ն պատրաստ է շարունակել բանակցությունները, գալ Բրյուսել, հասնել վերջնական կետի և կնքել խաղաղության պայմանագիրը. ԱԽ քարտուղար
Մենք բազմիցս ասել են, որ պատրաստ ենք Բրյուսելում եռակողմ հանդիպման: Այդ մասին Բրյուսելում «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» համաժողովի շրջանակում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին և այս համատեքստում խաղաղություն հաստատելու՝ ՀՀ-ի պատրաստակամությանը:
«Կար պլանավորված հանդիպում առաջնորդների մակարդակով հոկտեմբերի վերջին: Հայաստանը պատրաստակամություն էր հայտնել գալ այդ հանդիպմանը, բայց, ցավոք, այդ հանդիպումը տեղի չի ունեցել: Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում դա հնարավոր կլինի»,- ասաց նա:
Արմեն Գրիգորյանը հիշեցրեց, որ խաղաղության օրակարգը նաև մանդատով է հաստատված՝ ընդգծելով, որ ընտրություններին իշխող քաղաքական թիմը մանդատ է ստացել նաև խաղաղության օրակարգի համար:
Այս համատեքստում ԱԽ քարտուղարը խոսեց նաև խաղաղության հաստատման համար կարևոր սկզբունքների մասին: Պետք է հստակեցվի սահմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև, հրապարակայնորեն հաստատվի ՀՀ-ի դեպքում 29800 քառակուսի կիլոմետր տարածքը, իսկ Ադրբեջանի դեպքում՝ 86600-ը: Պետք է տեղի ունենա ապաշրջափակում, որի հիմքում պետք է լինեն 4 սկզբունքները՝ սուվերենություն, իրավազորություն, փոխադարձություն և հավասարություն:
«Սրանք կարևոր սկզբունքներ են, որոնց շուրջ մենք պատրաստ ենք բանակցությունները ավարտին հասցնել, ինչպես նաև լուծել գոյություն ունեցող հումանիտար բոլոր այն խնդիրները, որոնք կան:
Կարևոր հարցերից մեկը նաև բոլոր գերիների վերադարձն է և նաև ընդհանուր առմամբ խաղաղության հաստատումն է, և Հայաստանը պատրաստ է այս օրակարգով շարունակել բանակցությունները, գալ Բրյուսել, հասնել վերջնական կետի և կնքել խաղաղության պայմանագիրը: Եվ մենք կարծում ենք, որ խաղաղությունը նաև ուժեղացնելու է ժողովրդավարությունը. դրանք փոխադարձ, իրար ուժեղացնող գործիքներ են, և շատ կարևոր է տարածաշրջանի խաղաղությունն այդ առումով»,- ասաց նա: