Ընտրական կարգավորումը բարեփոխվել է Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան, և ազգային կամ տեղական մակարդակում մի քանի ընտրություն անցել են առանց դրանց արդյունքների վիճարկման:
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա) Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին կոչ են արել աջակցել Հայաստանին, քանի որ երկիրը բախվում է Լեռնային Ղարաբաղից փախստականների հետ կապված հսկայական մարտահրավերների՝ միաժամանակ առաջ մղելով ժողովրդավարական բարեփոխումները: Այդ մասին նշված է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում:
«Ավարտելով 2023 թվականի նոյեմբերի 6-8-ը Երևան կատարած այցը՝ համազեկուցողները նշել են, որ Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով փախած 106 000 հայերը ինը ամսվա մեկուսացումից հետո, որը սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների սուր պակաս էր առաջացրել, Հայաստանում արժանապատիվ կացարան են գտել, և նրանց արտակարգ օգնություն է ցուցաբերվել Հայաստանի իշխանությունների քայլերի և բնակչության համերաշխության շնորհիվ։ Սակայն այդ օգնության կայունությունն ապահովելու և բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մշտական բնակություն հաստատել Հայաստանում, օգնելու համար երկրին հրատապ անհրաժեշտ է եվրոպացիների համերաշխությունը»,- հայտարարել են համազեկուցողները:
Նրանք նշել են, որ չնայած չափազանց բարդ հանգամանքներին՝ ականատես են եղել ժողովրդավարական բարեփոխումներին Հայաստանի շարունակական հանձնառությանը։ «Ընտրական կարգավորումը բարեփոխվել է Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան, և ազգային կամ տեղական մակարդակում մի քանի ընտրություն անցել են առանց դրանց արդյունքների վիճարկման: Միջազգային փորձագիտական մարմինների շատ հանձնարարականներ կատարվել են, իսկ մյուսները քննարկման փուլում են»,- նշել են համազեկուցողները։
Նրանց խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ վերջին տարիներին բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվել՝ ուղղված դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը, և ներկայումս իրականացվում են դատավորների, դատախազների և քննիչների բարեխղճության ստուգումներ: Այնուամենայնիվ, ըստ համազեկուցողների, կարգապահական ընթացակարգը դեռ դժգոհություն է առաջացնում, և քաղաքական դրդապատճառներով որոշումների մասին պնդումները խաթարում են դրա օրինականությունը:
«Կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության համար առաջնահերթություն է, և այն մի քանի կարևոր քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ։ Վերջին երեք տարիների ընթացքում ստեղծվել է լայն մանդատներով և իրական լիազորություններով երկու նոր մարմին, ինչպես նաև ստեղծվել են հատուկ հակակոռուպցիոն դատարաններ: Կոռուպցիան, այնուամենայնիվ, մնում է բնակչության դժգոհության հիմնական պատճառը, և մշտական ջանքեր են պահանջվում»,- եզրակացրել են Կիլյունենն ու Աբերգը։
Համազեկուցողները քննարկել են նաև ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման և քաղաքական ընդդիմախոսների դեմ ուղղված ապօրինի դատավարությունների մասին հայտարարությունները և հետևելու են այդ հարցերի շուրջ զարգացումներին:
Հայաստանում գտնվելու ընթացքում համազեկուցողներն այցելել են Նախիջևանի հետ սահմանին գտնվող Երասխ և հանդիպել Լեռնային Ղարաբաղից վերջերս տեղահանված անձանց ընտանիքների հետ, ովքեր տեղափոխվել են Արտաշատ և Երևան: