Կադաստրի ծառայություններն ավելի մատչելի են դարձել

Էլեկտրոնային հարթակների միջոցով քաղաքացիներն այժմ կարող են անհրաժեշտ դիմումը ներկայացնել առանց նույնիսկ տանից դուրս գալու։

Կադաստրի կոմիտեն էլեկտրոնային հարթակներ և բջջային հավելված է գործարկել։ Հիմնականը e-cadastre.am-ն է, որի միջոցով քաղաքացիները կարող են իրավունքի հաստատման պետական դիմումներ, գրանցման, տեղեկատվության տրամադրման հայտեր և այլ փաստաթղթեր ներկայացնել:

Բջջային հավելվածում անձի նույնականացման և էլեկտրոնային ստորագրության ծառայությունները դեռևս հասանելի չեն, բայց էլեկտրոնային համակարգում կա նաև ինքնաշխատ եղանակով տեղեկատվություն տրամադրելու համակարգ:

Կադաստրի պետական կոմիտեում դիմումների քանակը զգալիորեն ավելացել է։ Կոմիտեի ղեկավարի տեղակալ Գևորգ Մանուկյանը դա բացատրում է էլեկտոնային հարթակի գործարկումով։Կոմիտեն ակտիվորեն քայլեր է ձեռնարկում անշարժ գույքի ոլորտում թղթային փաստաթղթաշրջանառության ծավալները նվազեցնելու, ինչպես նաև մատուցվող ծառայություններն ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ։ Պարզեցվել են նաև դիմումների մուտքագրման սկզբունքները, հավաստիացնում է պաշտոնյան։

«Կարող են ներկայացնել իրավունքի պետական գրանցման, տեղեկատվության տրամադրման և այլ դիմումներ։ Հնարավորություն կա գույքի քանակական, որակական տվյալների վերաբերյալ տեղեկատվություն ստանալ տվյալ պահին։ Տեղեկատվությունն ավտոմատ ձևավորվում է Կադաստրի տեղեկատվական համակարգից, և քաղաքացին, միանգամից վճարում կատարելով, հնարավորություն է ունենում ստանալ իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը»։

Նախկինում, օրինակ, տունը վաճառելու կամ վարձակալության հանձնելու համար քաղաքացին ստպված էր նախ՝ նոտարական վավերացումով պայմանագրեր կնքել, ապա սպասարկման գրասենյակում դիմում և կից փաստաթղթեր ներկայացնել։ Էլեկտրոնային հարթակների միջոցով քաղաքացիներն այժմ կարող են անհրաժեշտ դիմումը ներկայացնել առանց նույնիսկ տանից դուրս գալու։ Դիմումը համապատասխան համակարգ է մուտքագրվում հաշված վայրկյանների ընթացքում։

«Էլեկտրոնային եղանակով է իրականացվում նաև հասցեների տրամադրումը։ Նախկինում համայնքներից նոր հասցեի որոշումներ կամ հասցեի որոշումներում փոփոխություներ կատարելու համար քաղաքացիները ստիպված էին լինում դիմել համայնք, ունենալ հասցեի որոշում, ներկայացնել Կադաստրի կոմիտե։ Գործընթացն այսօր պարզեցված է և կատարվում է էլեկտրոնային եղանակով»։

Դիմում ներկայացնելիս պարզապես պետք է համապատասխան դաշտում լրացնել անհրաժեշտ ծածկագիրը։ Սրանով բարելավվում է նաև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը, բացի այդ կարիք չի լինում արխիվային նյութերում պահպանել փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ։ Քաղաքացին այս ձևաչափով փաստացի գործ չի ունենում ոչ համայնքի, ոչ էլ կադաստրի աշխատակցի հետ։ Գևորգ Մանուկյանը նկատում է, որ սրանով ոչ միայն ժամանակն ու աշխատանքային ռեսուրսն է խնայվում, այլև կոռուպցիոն ռիսկերն են զգալի նվազում։ Իսկ նրանց, ովքեր հեռավոր համայնքներում են բնակվում, կամ չեն կարող ինքնուրույն օգտվել էլեկտրոնային ծառայություններից, մարզային գրասենյակներին կցված աշխատակիցները կօգնեն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print