Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2022-ին 29 199 շահառուի վերադարձվել է 36,5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար։ 2021-ին շահառուների թիվը կազմել է 20 920, իսկ վերադարձված գումարը՝ ավելի քան 22,7 մլրդ դրամ։
2027 թվականից սկսած հիփոթեքային տոկոսների՝ եկամտահարկի չափով վերադարձի մեխանիզմը չի գործի մի շարք մարզերում, 2029-ի հունվարի 1-ից՝ բոլոր մարզերում։ Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխությունն առաջարկում է ֆինանսների նախարարությունը։ Հարցի քննարկումն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 17-ի նիստի օրակարգում։
Ըստ նախագծի՝ եկամտահարկի վերադարձով գույքի ձեռքբերումը 2027-ի հունվարի 1-ից կիրառելի չի լինի Երևանին հարակից Արագածոտնի, Կոտայքի, Արարատի ու Արմավիրի մարզերում։ 2029-ի հունվարի 1-ից բոլոր մարզերում կիրառելի չի լինի հիփոթեքի տոկոսների՝ եկամտահարկի չափով վերադարձով գործիքը։
Փոփոխությունների մյուս բաղադրիչով կառավարությունը նախատեսում է, որ 2025-ի հունվարի 1-ից եկամտահարկի չափով վերադարձը եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 000 դրամը։
Կառավարության որոշումը այս նիստում սակայն չընդունվեց։ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ հարցի հետ կապված կան նրբություններ ու խնդիրներ, թե երբ է կառուցապատողին տրվել շինթույլտվություն և այլն։ Նա ասաց՝ հարցը կհանի օրակարգից, որպեսզի շուկան չդեֆորմացվի։
Եկամտահարկի վերադարձի օրենքը գործում է 2015-ից, նպատակը երկրում շինարարության ակտիվացումն էր։ Այս օրենքով բնակարան գնողների համար հիփոթեքային վարկի տոկոսները հետ են վերադարձվում գնորդի եկամտահարկի չափով։ 2021-ի սեպտեմբերին կառավարությունը որոշել էր աստիճանաբար հրաժարվել Երևանում եկամտահարկի վերադարձով բնակարանների ձեռքբերման հնարավորությունից։ Մասնավորապես, 2022-ից ծրագիրը դադարեցվել է Կենտրոնում և Արաբկիրում, իսկ 2025-ից՝ ամբողջ Երևանում։
Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2022-ին 29 199 շահառուի վերադարձվել է 36,5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար։ 2021-ին շահառուների թիվը կազմել է 20 920, իսկ վերադարձված գումարը՝ ավելի քան 22,7 մլրդ դրամ։
2015-2022թթ. ընթացքում hիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարի վերադարձման ծրագրից օգտվել է 31 890 քաղաքացի, պետբյուջեից վերադարձվել է 89,1 մլրդ դրամ։